Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կնոջը պատկանող «Ինտեկո» ընկերությունում չեն մեկնաբանում լատվիական ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերը, համաձայն որոնց Լուժկովը ծրագրում է բնակության թույլտվություն ստանալ Լատվիայում:
«Մենք այդ հաղորդագրությունը չենք մեկնաբանում»,- «Ինտերֆաքսին» հայտնել է «Ինտեկո»-ի մամլո ծառայության ղեկավար Գեննադի Տերեբկովը:
Միևնույն ժամանակ, «Ինտերֆաքսի» լավատեղյակ աղբյուրը հայտնել է, որ Լուժկովն իրոք դիմել է լատվիական իշխանություններին երկրում բնակվելու թույլտվություն ստանալու խնդրանքով: «Այս կարգավիճակը անհրաժեշտ է Լուժկովին Եվրամիության երկրներ անարգել մուտք գործելու համար», – պարզաբանել է գործակալության զրուցակիցը:
Նա նշել է, որ ներկայումս նախկին քաղաքապետը արտասահման է մեկնում մուլտիվիզայով:
Գործակալության աղբյուրը ենթադրություն է հայտնել, որ Լուժկովին հեշտ չի լինի բնակության թույլտվություն ստանալ Լատվիայում: «Նախկին քաղաքապետը լատվիական իշխանությունների հասցեին բազմիցս հանդես է եկել քննադատող հայտարարություններով` այնտեղ ապրող ռուսախոս քաղաքացիների կարգավիճակի առնչությամբ»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը: