Սկանդալային գաղտնազերծումներով հայտնի դարձած WikiLeaks կայքը շուտով հնարավորություն կունենա հրապարակել հայտնի մարդկանց բանկային հաշիվների գաղտնիքները, հաղորդում է Associated Press-ը:
Կայքի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել շվեյցարական Julius Baer բանկի նախկին աշխատակից Ռուդոլֆ Էլմերը:
Բրիտանական թերթերի հետ զրույցում նա հայտարարել է, որ տիրապետում է հարկային ծառայությունների տեսադաշտից դուրս մնացած 2000-ից ավել հաշիվների մասին տվյալների, որոնք պատկանում են համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց:
Նրա խոսքով` օրենքը շրջանցողների մեջ կան շոու-բիզնեսի աստղեր, հայտնի գործարարներ, և ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ասիայի երկրների քաղաքագետներ:
Էլմերը պնդում է, որ տեղեկությունների մի մասն անձամբ է հավաքել, երբ աշխատել է որպես բանկի մասնաճյուղերից մեկի տնօրեն, իսկ մնացած տվյալները ստացել է իր գործընկերներից:
Նշենք, որ 2007 թվականին Էլմերը արդեն համագործակցել է սկանդալային համբավ ունեցող կայքի հետ, որից հետո շվեյցարական դատախազության մոտ նրա հետ կապված հարցեր են առաջացել: Երկու օրից Էլմերը ժամանելու է Ցյուրիխ, որպեսզի պատասխանի բանկային գաղտնիքների մասին օրենքը խախտելու մեջ մեղադրանքներին: