ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հրավերով, այսօր պետական այցով ժամանել է Հունաստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ: Երկու երկրների նախագահները քննարկել են հայ-հունական բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակաբար զարգացման, առևտրատնտեսական, ռազմական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության խորացման, ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում փոխգործակցության ակտիվացման, ինչպես նաև տարածաշրջանային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցեր, անդրադարձել` ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումներին:
ԶԼՄ ներկայացուցիչների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանի նախագահին Հայաստան այցելելու հրավերն ընդունելու համար:
ՀՀ նախագահը նշել է, որ ինքը Կարոլոս Պապուլիասին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները:
«Ես վերահաստատեցի հայկական կողմի դիրքորոշումը, որ, չնայած Բաքվի կողմից ուժի կիրառման անվերջ սպառնալիքներին, մենք հավատարիմ ենք հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափով կարգավորելու քաղաքականությանը», – ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նաև նշել է, որ Հայաստանը փորձեց Թուրքիային ընդառաջ քայլ կատարել` հարևան երկրներին վայել հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, բայց Թուրքիայի կողմից անհրաժեշտ քաղաքական կամք չեղավ:
«Ես ուրախ եմ լսելու, որ նաև մեր գործընկերները դեմ չեն Թուրքիայի անդամակցությանը Եվրոպական միությանը, բայց այդ նպատակակետն անցնում է սեփական անցյալի և հարևանների հետ քաղաքակիրթ գործակցության ճանապարհներով: Եվ երբ Թուրքիան համապատասխանի եվրոպական չափանիշներին, մենք կունենաք ավելի կանխատեսելի հարևան», – Սերժ Սարգսյանը: