«Քաղաքականությունը ամենուր և ցանկացած հարցում իր դերակատարությունն ունի»,- մեկնաբանելով Freedom House կազմակերպության` Ղարաբաղին վերաբերող զեկույցը` հայտարարել է քաղաքագետ Ալեքսնադր Իսկանդարյանը:
Հիշեցնենք, որ, համաձայն զեկույցի, Լեռնային Ղարաբաղը համալրել է ոչ ազատ երկրների շարքը:
«Freedom House կազմակերպությունը անօդ տարածության մեջ չի գտնվում, և այնտեղ ոչ թե ռոբոտներ են աշխատում, այլ մարդիկ, ովքեր պատկանում են կոնկրետ խմբավորումների` էթնիկ, մասնագիտական»,- ընդգծել է փորձագետը` հավելելով, որ քաղաքականությունն ամեն հարցում իր ազդեցությունն ունի:
«Մյուս կողմից, այդ նույն քաղաքականությունը մեկ տարի առաջ էլ ազդեցություն ուներ, երկու տարի առաջ էլ: Ի՞նչ է, Ղարաբաղն անցյալ տարի ԱՄՆ-ի դաշնակիցն էր, այժմ` Իրանինը: Իսկ ի՞նչն է փոխվել»:
Ալեքսանդր Իսկանդարյանը մեջբերել է հատված զեկույցից, որտեղ, նրա խոսքով, Ղարաբաղի հետ կապված խնդիրները պայմանավորված են ԼՂՀ-ում ընդդիմության բացակայությամբ:
«Թող առաջինն ինձ վրա քար նետի նա, ով կասի, որ Ղարաբաղում այս հարցով ամեն ինչ հրաշալի է և որ իրավիճակը բարելավվում է»,- եզրափակել է քաղաքագետը: