«Երկու տարի շարունակ արցախյան վիկինգների դինաստիան գահի վրա թմբկահարում է այն կարգախոսը, թե մենք համաձայն ենք, այսպես կոչված, գրավյալ, իրականում` ազատագրված տարածքների վերադարձին միայն կարգավիճակի դիմաց ինշնորոշում հասկացողության տակ»: Այս մասին հայտարարել է Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
Նա մեջբերեց ԱԳՆ ղեկավարի հնչեցրած «ժամանակավոր կարգավիճակ» արտահայտությունն ազատագրված տարածքների վերադարձից հետո. «Սա ուղղակի կատարյալ դիվանագիտական ֆիասկո է, և շարժառիթը ստիպում է ինձ նորից իմ գաղափարական սուրը մերկացնելու մեր դիվանագիտական այրերի և նախագահի դեմ»:
Ըստ Հակոբյանի` Հայաստանը դիվանագիտական ճգնաժամից դուրս գալու համար պետք է, մասնավորապես, ԱԺ-ում «դենոնսացիայի ենթարկել Հայաստանը մասնատող երեք անեքսիոն պայմանագրերը` 1921 թվականին պարտադրված Հայաստանին»:
Առաջին կետից ելնելով, Հայաստանը, շարունակում է մարքսիստը, դուրս է գալիս բանակցային գործընթացից, իր տեղը զիջում է «որպես գլխավոր կոնֆլիկտող և բանակցող կողմ Արցախի Հայկական Հանրապետությանը»:
Այլ առաջարկների թվում էր նաև մի «պահեստային տարբերակ».
«Եթե մեր դիվանագիտությունն անզոր է մանևրելու երկու խոշորագույն գերտերությունների հակասությունների շրջաններում, ուրեմն Արցախյան Հանրապետությունն իր ազգային ժողովով որոշում է կայացնում դիմել Պետական Դումային 15 հազար քառակուսի կիլոմետրի վրա ստեղծելու երկրորդ հայկական պետությունը, մինիմում, Ռուսաստանի Ֆեդերացիայի կազմում»: