Այսօր Երևանի քաղաքապետարանի առջև կրկին հավաքվել էին բացօթյա առևտուր իրականացնող քաղաքացիները, ովքեր երեք օր շարունակ բողոքում են իրենց օրվա հացն ապահովող աշխատանքի դադարեցումից:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել ապամոնտաժել բացօթյա առևտրով զբաղվողների տարածքները:
«Մենք հարկ ենք վճարում, ՀԴՄ ապարատ ունենք, կենսաթոշակի վճար ենք տալիս, իսկ էդ ավազակն առանց այլընտրանք տալու ասում ա հավաքի: 10 հոգով երկիրը գրավել են ու ուտում են: 2005 թվականից էս հարցը պիտի լուծեին, մինի-շուկաներ կառուցեին, բայց ոչ մի բան չեն արել: Մարդ կա` տունը գրավ ա դրել, մյուսը ոսկեղեն ա գրավ դրել, որ էդ փողով ապրանք առնի, ծախի, որ կարենա հաց տուն տանի: Իսկ էսպես մարդկանց գողության են դրդում, կամ էլ ստիպում են` մարդիկ դիմեն Թունիսի օրինակին»,- Epress.am-ի թղթակցի հետ զրույցում բորբոքված խոսում էին առևտրականները:
Ակցիայի մեկնարկից որոշ ժամանակ անց ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրեց հավաքվածներին, որ իրենցից 10-ը կարող են մտնել քաղաքապետարան` հանդիպելու առևտրի վարչության պետ Արմեն Սարգսյանի հետ:
Հանդիպումից հետո բողոքավորները ներկայացրեցին կայացած զրույցի մանրամասները.
«Մեզ առաջարկում են հարմարվենք, մտնենք շուկա, սպասենք մինչև մինի-շուկաներ սարքեն: Իրանք կտրուկ են հարցը դնում, գոնե մարդկանց այլընտրանք տրամադրեն, ժամանակ տրամադրեն, որ մարդիկ իրանց պարտքերը փակեն, իրանց գլխի ճարը տեսնեն»,- ասել է հանդիպման մասնակիցներից մեկը:
Epress.am-ի հարցին, թե ինչ են իրենք մտադիր անել հետագայում, ակցիայի մասնակիցն ասել է.
«Ինքնաբուխ ինչ կլինի, կանենք, մենք որոշել ենք` մեկը բոլորի համար, բոլորը` մեկի»:
Հանդիպման մասնակիցներից մեկն էլ պատմել է, թե ինչպիսի վիրավորական վերաբերմունքի են իրենք արժանացել հանդիպման ժամանակ:
«Վարչության պետը կողքն երկու հատ գնդապետ էր նստացրել, ասեց` ընգերներս են, ու երբ մեզնից մեկն ասեց, որ սա սոցիալական բունտի կարող է վերածվել, գնդապետներից մեկը շատ կոպիտ ձևով սկսեց հարցուփորձ անել, թե էդ ասողը որտեղ ա ապրում, աշխատում, ու ասեց` ես կգամ քեզ կասեմ: Շատ կոպիտ, շատ վատ վերաբերմունք էր:
Նաև ասեցին, որ ամբողջ քաղաքում կրպակներն էլ են վերացնելու, թողնելու են միայն թերթի կրպակները: Մենք բոլորին կոչ ենք անում վաղը ժամը 11-ին բոլորը, ովքեր մտահոգված են այս հարցով, ներկա լինեն այստեղ, եթե շատ մարդ հավաքվի, կկարողանանք լուրջ բան անել:
Վաղն էլ Վրաստանի նախագահն ա էստեղ լինելու, մեր, այսպես ասած, ընտրված նախագահի հետ հանդիպման, մենք պաստառներ ենք պատրաստելու, դիմելու ենք Վրաստանի նախագահին, որ մեզ աշխատանքի հնարավորություն տա իր երկրում, քանի որ մենք այստեղ աշխատանք չունենք: Վաղը` ժամը 11-ին, կհավաքվենք այստեղ, ու կշարժվենք նախագահական»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է առևտրականներից մեկը: