Հարավային Կովկասի աբորիգեն ազգերը մարդկային մահերը համազգային գերխնդիրներին հասնելու համար անխուսափելի զոհաբերություն են համարում:
Այս մասին գրում է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն իր «Փակուղին` որպես հին և տառապած ժողովուրդների ինքնակամ-պարտադրական բնակության վայր» հոդվածում:
Հեղինակը գրում է, որ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցն ընդամենը տարածքային ամբողջականության և իշխանության խնդիր է: «Որտե՞ղ է երաշխիքը, որ մեր իշխանությունները, որոնք ամեն վայրկյան ոտնահարում են գործող օրենքները Ադրբեջանի 84,3 տոկոս տարածքում, նույնը չեն անի և Ղարաբաղում»,- հարց է տալիս Ալիզադեն:
«Ինչպե՞ս, ի՞նչ կերպ, ինչո՞ւ: Ոչ ոք ի վիճակի չէ հստակ պատասխան տալ այս հարցին: Հայաստանի համար Ղարաբաղի անկախությունն առաջին փուլում ֆիզիկական միացում էր Հայաստանին, ինչից հետո, կարծում էին նրանք, կսկսվի հայկական իրական երջանկությունը, որի բաղադրիչները աշխարհում ոչ մեկին հայտնի չեն: Հիշեք, թե դուք ինչպես էիք երազում անկախության և Ղարաբաղը գրավելու մասին, որից հետո Հայաստանում պետք է մեխանիկորեն տիրեր դրախտային երջանկություն:
Ով ասես որ չի տաքացրել ձեռքերը ղարաբաղյան հրդեհի վրա` հայերի արդար գործի խնամակալներն ու ադրբեջանական միջազգային իրավունքի հաստատման կողմնակիցները, զենք ու մարդկային օրգաններ վաճառողները, հայկական ու ադրբեջանական պոռնիկների վաճառականները, խոշոր և մանր նավթային ու գազային ընկերությունները, ազգային ողբերգության օդով վերակենդանացած քրեական խաժամուժն ու գիտական խաբեբաները, զինվորականներն ու հետախույզները, ազգայնական-արմատական խաղաղափահները, հակամարտության մասնագետ զբոսաշրջիկներն ու դիվանագետները:
Մեր դժբախտության և տգիտության վրա հարյուրավոր սրամիտներ իրենց համար կարիերա են ստեղծել: Իհարկե, չափազանց հետաքրքիր է հարցումներ միջոցով պարզել, թե հիմարացվածների քանի տոկոսն է այս կերպ մտածում, իսկ քանի տոկոսը` այլ կերպ: Այս բոլոր գիտական թեզերի հետազոտությունների արդյունքում հայերն ու ադրբեջանցիները գրեթե չեն տարբերվում միմյանցից: Ոչ միայն խոհանոցի և երաժշտության առումով, այլ նաև ժամանակակակից իրականության և սեփական շահի հետ կապված ընկալումներում: Այսինքն` միջնադարյան մտածելակերպի համաձայն` զոհում են իրենց շահերը հանուն մտացածին առասպելների:
Նկարագրված են նաև բոլոր անպտուղ ու անօգուտ բանակցային գործընթացները ինչպես պաշտոնական, այնպես էլ հասարակական մակարդակով: Հեռավորության վրա մեր երկու ազգերի քաղաքական վայրենությունն այնքան ակնհայտ է, որ մեծահոգի արտասահմանցիները մեզ համար հակամարտության լուծման բազմաթիվ մեթոդներ են առաջարկում Աֆրիկայի և Ասիայի բնիկների վրա փորձարկած բաղադրատոմսերի հիման վրա: Մենք ինքներս անկարող ենք, մեր խնդիրների լուծման համար մեզ մեր խելքը չի բավարարում:
Մեր հակամարտությունը հիանալի օրինակ է ` ցույց տալու համար, թե ինչպես կարելի է երկար ժամանակ հիմարացնել ու մատների վրա խաղացնել տարբեր ազգեր:
Ոչ ոք ինձ չի համոզի , որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները անկեղծորեն ցանկանում են հասնել հակամարտության երկկողմանի փոխշահավետ լուծման: Մեր ղեկավարները լավատեղյակ են միմյանց ռազմական ներուժին, գոնե հստակ պատկերացնում են, թե ռազմական գործողությունների վերսկսման դեպքում` ինչ է սպասում երկու կողմին էլ: Փաստորեն, ինչն է պատճառը, որ, գիտակցելով ողբերգության և ավիրածությունների ծավալները, մարդկային և նյութական կորուստմների չափերը պատերազմական գործողությունների դեպքում, իշխանությունները չեն գնում փոխզիջման, հաշվի չեն նստում մյուս կողմի, և նախ և առաջ սեփական ազգի շահերի հետ: Ինչո՞ւ նրանք բաց քննարկում չեն սկսում իրենց սեփական ազգերի հետ, ինչո՞ւ չեն բաց անում հակամարտության շուրջ ծավալված քաղաքական կեղտոտ ինտրիգների բովանդակությունը: Ինչ է, նրանք վստա՞հ են սեփական ազգերի մտավոր կարողությունների բացակայության մեջ:
Այս տարիների ընթացքում միայն մեկ անգամ Հայաստանի նախագահը փորձեց դիմել ժողովրդի գիտակցությանը, անմիջապես սեղմվեց բաղձալի կոճակը, նախագահի սենյակ մտան «պատերազմի հերոսները» և նա հրաժարական տվեց: Իսկ Ադրբեջանի նախագահն անգամ մատը մատին չտվեց, որպեսզի աջակցի այս նախաձեռնությանը, խաղաղության հնարավորություն ստեղծի: Միայն մեկ անգամ Հայաստանում քաղաքական ուժերի տանդեմ ստեղծվեց, որոնց զանգվածային ժողովրդական աջակցությունը տեսականորեն պատրաստ էր նրանց հնարավորություն տալ շրջանցել մեր հակամարտության արտասահմանյան «դիրիժորներին»: Կրկին սեղմվեց նույն բաղձալի կոճակը և հայտնի ահաբեկչական խմբավորման անդամները գնդակահարեցին հայկական ինքնուրույն քաղաքականության այդ եզակի հնարավորությունը:
Իսկ մեզ մոտ` Ադրբեջանում, շարունակվում է ժողովրդին հիմարացնելու մեխանիզմների մշակման ինտենսիվ գործընթացը: Եթե ինչ-որ մեկը լսել է, մենք` ադրբեջանցիներս, նույնպես տառապած ազգ ենք, մեր նկատմամբ, ինչպես պարզվում է, նույնպես ցեղասպանություն է իրականացվել, միայն մեկ այլ ժամանակաշրջանում` մարտին: Մեր պատմության պաշտոնական տարբերակում, ինչպես և հայկականում, նույնպես հսկայական տրամաբանական ճեղքեր կան: Եթե բոլշևիկա-դաշնակցական հրեշներն այդքան դաժան են եղել մեր ազգի նկատմամբ, այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ նրանց աստվածացումը իր գագաթնակետին է հասել ադրբեջանական ազգի ամենաարդար ու մեծագույն զավակի օրոք: Նա ի՞նչ է` նրանց համախո՞հն էր: Թե այնքան անսկզբունքային էր, որ հանուն իր իշխանության կարող էր փառաբանել իր ազգի նկատմամբ ոճրագործություն իրականացնողներին: Կարճ ասած, այս պաշտոնական առասպելների տրամաբանական անճշտությունները, ինչպես և Հայաստանի դեպքում, ամեն տեղ ակնհայտ են: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են ազգին բացատրել այս անտրամաբանական կետերը, անմիջապես հայտարավում են ազգի թշնամիների շարքում:
Առաջիկա պատերազմի մասին ազգերին հեքիաթներ են պատմում:
Ադրբեջանական հեքիաթը պատմում է` մեր բանակն ավելի ուժեղ է, մենք ավելի շատ զենք ենք գնում, նավթի ու գազի շնորհիվ մեր նկատմամբ շատ լավ են տրամադրված արտասահմանյան գործընկերները, մեր ռազմական բյուջեն արդեն գերազանցում է Հայաստանի ողջ պետական բյուջեն: Ոչ մի հարաբերություն հայերի հետ չի լինի, բացի նախարարների և նախագահների պաշտոնական բանակցություններից: Խաղաղությունը կհաստատվի միայն մեր տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա:
Հայաստանյան հեքիաթն իր հերթին ասում է`մենք իրականացրել ենք հարյուրամյա բաղձալի երազանքը, ազատել ենք ղարաբաղյան հողը թյուրքերից: Մեր բանակը հաղթական է, մենք բավարար քանակությամբ զենք ունենք, մեզ աջակցում է և արևմուտքը, և Ռուսաստանը, պատերազմի դեպքում հակառակորդին ծնկի կբերենք և կստիպենք հանձնվել:
Սակայն երկու ազգերի համար էլ իրականությունն այլ է: Վատ կառավարություն, ցածր արդյունավետություն, բնակչության նվազում և հետընթաց, աղքատություն և հուսահատություն, կոռուպցիա և անարդարություն:
Չկա հայ ազգի պատմական հաղթանակ: Կա պատմական պարտություն, արժանապատիվ և խաղաղ կյանքի հեռանկարի կորուստ: Հաշվել բոլորս էլ կարողանում ենք: Ադրբեջանում հանգիստ ու խաղաղ ապրում էին 500 հազար հայեր, այդ թվում` 200 հազարը Բաքվում: Ո՞ւր են նրանք: Ինչպե՞ս են նրանք ապրում: Գո՞հ են պատմական հաղթանակից: Նրանք երջանի՞կ են առանց Բաքվի: Պատմական հաղթանակի ջերմ զգացումները փոխարինո՞ւմ են հարազատ Բաքվի, ընկերների և հարևանների նկատմամբ կարոտը: Ղարաբաղում 120 հազար հայեր էին ապրում: Դուք ինքներդ հավատո՞ւմ եք Ղարաբաղում 160 հազար հայերի գոյությանը: Եթե այնտեղ 50 հազար մարդ մնացած լինի, կարող եք երջանիկ լինել:
Հեռանկարներ չունի նաև ադրբեջանական ազգը: Մենք նպատակադրված վերացնում ենք արտադրությունը: Արտասահմանցիները ստանում են մեր նավթը, արտահանում են համաշխարհային շուկա, և կառավարությանն են փոխանցում մեր մասնաբաժինը: Գումարների մեծ մասը ծախսվում է ռազմական կարիքները հոգալու, անիմաստ ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու և քաղաքական վերնախավի շքեղ կյանքն ապահովելու համար: Ազգը ոտնահարված է, վախեցած, հիմարացված: Կատարվել է ազգի ապասոցիալականացում անգամ համեմատած խորհրդային ժամանակների հետ: Գիտությունը գրեթե մահացել է, կրթությունը ցածր մակարդակի վրա է: Կոռումպացված համակարգը գերակա դիրքերում է, ամենուր սուտ ու կեղծիք: Պետական ինստիտուտները արդյունավետ են գործում միայն ազգը ճնշելու և Սահմանադրությունը խախտելու հարցում: Իսկ փախստականների բանակը արդեն 2 տասնամյակ է չի կարողանում աշխատանք գտնել և լավ ապագայի հույս ունենալ»,- գրում է Զարդուշտ Ալիզադեն: