Պարզվում է` Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակիցների համար կազմակերպվել են ոչ միայն ռուսաց լեզվի, այլ նաև անգլերենի դասընթացներ: Քաղաքապետարանի աշխատակիցները շաբաթը երկու-երեք անգամ պետք է աշխատանքից հետո մնան քաղաքապետարանում և օտար լեզուներ ուսումնասիրեն, նշում է օրաթերթը:
Սա արվում է այն բանի համար, որ դրսից ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներում մերոնք կարողանան պատշաճ մակարդակով հանդես գալ: Քաղաքապետարանի աշխատակիցներից յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որ լեզուն «պարապի» քաղաքապետարանի հաշվին` ռուսերեն, թե՞ անգլերեն: Մեր տեղեկություններով` հատկապես մեծ «կոնկուրս» է անգլերեն լեզվի մասով:
Եվ այնուամենայնիվ, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամները հակասահմանադրական են համարել Երևանի քաղաքապետի որոշումը` քաղաքապետարանում հենց ռուսերենի դասընթացներ անցկացնելու վերաբերյալ: Ըստ նրանց` Կարեն Կարապետյանի այս որոշումը հակասում է նաև Հայաստանի Անկախության հռչակագրին և «Լեզվի մասին» օրենքին: Ի դեպ` Երևանի քաղաքապետարանում ռուսերենի դասընթացներ ծրագրի մեկնարկի «արարողությունը» կայացել է քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովի մասնակցությամբ: Եվ չնայած սրան, քաղաքապետարանում ավելի մեծ թիվ են կազմում այն աշխատակիցները, որոնք նախապատվություն են տվել անգլերեն: