ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ, որից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին հաղորդւոմ է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Քննարկվել են տարբեր ոլորտներում հայ-վրացական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նշվել է, որ նախնական գնահատմամբ, 2010թ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է տասնմեկ տոկոսով:
Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-վրացական սահմանի հատման գործընթացներն առաջիկայում ավելի դյուրին, թափանցիկ, տրանսպորտային միջոցների համար բաց դարձնելու մասին, որպեսզի ավտոմեքենաները գրեթե առանց կանգ առնելու ընթանան մի երկրից մյուսը, ինչպես դա արվում է եվրոպական մի շարք պետություններում: Երկու երկրների նախագահները կարևորել են նաև տնտեսական համագործակցության զարգացման ճանապարհին արհեստականորեն ստեղծվող բյուրոկրատական խոչընդոտների վերացման ուղղությամբ ակտիվ աշխատանքը:
Նախագահներ Սարգսյանն ու Սահակաշվիլին անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային խնդիրների: