Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության հասարակական նախաձեռնության անդամներն իրենց առաջարկություններն են ներկայացրել «Ժամանակավոր անաշխատունակության մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Համապատասխան նամակն ուղարկվել է Ազգային ժողով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին:
Նախաձեռնության անդամներն իրենց նամակում նշում են, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժողովրդագրական աճը Հայաստանում անվտանգության հիմնաքարերից է, իսկ ծնելիության աճն ամեն կերպ պետք է խրախուսվի, իրենք առաջարկում են հղիության և ծննդաբերության արդյունքում ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված բոլոր կանանց փոխհատուցել իրենց աշխատավարձի ողջ չափով` առանց առավելագույն շեմ սահմանելու:
«Հավատացած լինելով, որ ծննդաբերող յուրաքանչյուր կին նախևառաջ աշխատում է Հայաստանի Հանրապետության համար և իր ներդրումն է ունենում Հայաստանի Հանրապետության զարգացման և հարատևման գործում` առաջարկում ենք հղիության և ծննդաբերության արդյունքում ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված բոլոր կանանց փոխհատուցել իրենց ամենամսյա եկամուտի ողջ չափով` առանց գանձելու սահմանված պետական հարկերը և սոցիալական վճարները հղիության և ծննդաբերության արձարկուրդի շրջանում, ինչպես նաև հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկման համար հիմք ընդունել ոչ թե նախատեսվող 140 աշխատանքային, այլ` 140 օրացույցային օրերը», – ասված է նամակում:
Բացի դրանից, նամակի հեղինակներն առաջարկում են հղիություից զատ ցանկացած այլ պատճառով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված բոլոր անձանց փոխհատուցել իրենց ամենամսյա եկամուտի չափով` փոխհատուցման վերին շեմ սահմանելու փոխարեն օրենքում աշխատանքային նվազագույն որոշակի փորձի պահանջ սահմանելով:
«Լիահույս ենք, որ ՀՀ կառավարությունը և ՀՀ Ազգային ժողովը` որպես թափանցիկ կառավարում իրականացնող և Հայաստանի Հանրապետության, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերով առաջնորդվող ժողովրդավարական կառույց, հաշվի կառնի շահագրգիռ քաղաքացիների կարծիքն ու առաջարկությունները:
Վերոհիշյալ առաջարկությունները ներկայացնելով` ակնկալում ենք հանրային քննարկումների շարքի մեկնարկ հունվար ամսի վերջին շաբաթվա ընթացքում և օրենքի փոփոխված տարբերակի շուտափույթ քննարկում և ընդունում ՀՀ Ազգային ժողովի 2011թ.-ի գարնանային նստաշրջանում` հետադարձի ուժի սկզբունքի կիրառմամբ»,- նշել են նախաձեռնողներն ու հավելել, որ իրենք` որպես Հայաստանի ներկայով և ապագայով մտահոգ, Հայաստանում ապրել և արարել ցանկացող քաղաքացիներ, կշարունակեն հետևել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի մեջ խոստացված փոփոխություններ կատարելու գործընթացին և իրենց մտահգությունները բարձրաձայնել այնքան ժամանակ, քանի դեռ օրենքի դրույթները կոտնահարեն իրենց իրավունքները և կվտանգեն պետության ապագան: