Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում ացնող գերմրցաշարում այսօր սևերով ոչ-ոքի խաղաց աշխարհում երկրորդ վարկանիշը ունեցող հնդկաստանցի Վիշվանաթան Անանդի հետ: Չնայած Արոնյանը հաղթանակ չգրանցեց, 8-րդ տուրը բավական հաջողված կարելի է համարել մեր շախմատիստի համար: Առաջատարը՝ ամերիկացի Հիկարու Նակամուրան, ով մեկ միավորով առաջ էր Արոնյանից, իր պարտիան սևերով տանուլ տվեց նորվեգացի Մագնուս Կառլսենին:
Այժմ հայաստանցի գրոսմայստերը հետ է մնում առաջին և երկրորդ տեղերը կիսող Նակամուրայից ու Անանդից ընդամենը կես միավորով: Մնացած 5 տուրերում Լևոնին համեմատաբար հեշտ մրցակիցներ են սպասում, բացի այդ նա 3 պարտիա կխաղա սպիտակ գույնով: Արոնյանը սպիտակներով կմրցի ուկրաինացի Ռուսլան Պոնոմորյովի, հոլանդացի Յան Սմեետսի և Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովի հետ, իսկ սևերով կխաղա Հոլանդիան ներկայացնող Անիշ Գիրիի և Էրվին լ’Ամիի հետ: Այս բոլոր մրցակիցներն իրենց վարկանիշով և խաղի որակով ակնհայտորեն զիջում են նույն Անանդին, Կառլսենին և Նակամուրային, որոնց հետ հայաստանցի շախմատիստն արդեն խաղացել է: Նշենք, որ Արոնյանի հիմնական մրցակիցները միմյանց միջև հանդիպումներ ունեն. մասնավորապես, Անանդը դեռ խաղալու է Նակամուրայի հետ, վերջինս էլ, բացի հնդիկ գրոսմայստերից, ուժերը կչափի ռուսաստանցի Կրամնիկի հետ: Կկայանա նաև Կրամնիկ-Կառլսեն պարտիան: