Դասական իմաստով իդեալական քաղաքական միջավայրի դարաշրջանը, որտեղ կան դասական գաղափարարները` սոցիալիզմ, ազատականություն, ազգայնականություն և այլն, համաշխարհային հանրությունն ապրել է արդեն: Այսօր քաղաքական պայքար հնարավոր է իրականացնել քաղաքացիական պայքարի միջոցով, քաղաքացիական շարժումների միջոցով` քաղաքացիական բովանդակություն և քաղաքացիական պատասխանատվության շրջանակներում իրականացնելով, զերծ մնալով դասական բաժանումներից` լիբերալներ, նացիոնալիստներ և այլն:
Շաբաթ օրը «Փոքր Խորհուրդ» հասարակական-քաղաքական խմբի հերթական հավաքին` «Քաղացիական նախաձեռնությունների և քաղաքական շարժումների հեռանկարները և ռազմավարությունը» թեմայի քննարկման շրջանակներում նման կարծիք է հայտնել Արվեստի Քննադատների Միության նախագահ Նազարեթ Կարոյանը:
Հոգեբան Լալա Պողոսյանը նշել է, որ եթե քաղաքական պայքար իրականացնողները կտրված են քաղաքացիական շարժումներից, ժողովրդավարության մասին խոսք լինել չի կարող: Անհարժեշտ է, որ քաղաքական շարժումները փոխացնումավազքերն ուղղեն դեպի քաղաքացիները, այդ դեպքում միայն կունենանք իրական ժողովրդավարական ուղով պայքար:
«Առաջին լոկոմոտիվը քաղաքացիական շարժումն է, ոչ թե քաղաքականը», – նշել է Պողոսյանը:
Հրապարակախոս Առաքել Սեմիրջյանը մտավախություն է հայտնել, որ հայ հասարակությանն ընդհանրապես չեն հետաքրքրում ոչ մարդու իրավունքները, ոչ քաղբանտարկյալները, ոչ Մարտի 1-ը, ոչ Ղարաբաղը. հետաքրքրող միակ բանը սովից չմեռնելն է:
«Ու էս պայմաններում խոսել բարձր գաղափարների մասին, համամարդկային արժեքների մասին մի տեսակ աբսուրդ ա», – ասել է Սեմիրջյանը:
«Իդեալական տարբերակը ուղիղ դեմոկրատիան է, երբ ամեն մեկը կարող է մասնակցել երկրի ղեկավարմանը կամ այն որոշումների կայացմանը, որոնք անմիջականորեն առընչվելու են մեզ: Բայց քանի որ մենք անդադար չենք ցանկանում դա իրականացնել, մենք նախընտրում ենք ներկայացուցչական դեմոկրատիան` վստահել մեկին, բայց հնարավորություն ունենալ գոնե 5 տարին մեկ փոխել այդ մարդուն»,- քննարկան ժամանակ իր կարծիքն է հայտնել արվեստագետ Արման Գրիգորյանը:
Նազարեթ Կարոյանը նշել է, որ քաղաքականությունը բուն իմաստով անվանարկված է այն պատճառով, որ այն կուսակցականացված է. քաղաքականությունը չպետք է կուսակցականացվի: Նա հավելել է, որ մյուս կողմից, եթե քաղաքականությունն իսկապես չի կառուցվում քաղաքացիական սոցիալական կարիքների վրա, սոցիալական կարիքները չի ներառում իր մեջ, այսինքն` իշխանության հասնելու համար է միայն, դա նույնպես անվանարկում է քաղաքականությունը, քանի որ քաղաքական ուժերը, քաղաքականություն ասելով, հասկանում են միայն իշխանության հասնել` առանց հաշվի առնելու, որ քաղաքականությունը դա քաղաքացիական, սոցիալական և նմանատիպ խնդիրները լուծելու գործունեության համակարգ է:
Լրագրող Զառա Հովհաննիսյանը, մեջբերերելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի խոսքերը` «Ես հասա իմ նպատակին, ստեղծեցի ակտիվ և մտածող հասարակություն», նշել է, որ հենց սա քաղաքական պայքարից անցումն էր դեպի քաղաքացիական հասարակության, քաղաքացիական ինստիտուտին:
«Ես կարծում եմ, որ քաղաքացիական պայքարները, ակտիվ հասարակությունը կարող են վերահսկողություն սահմանել իշխանության վրա` լինի դա լեգիտիմ, թե ոչ լեգիտիմ»,- ասել է լրագրողը:
«ՀԱԿ-ը կոմպետենտ է. ցանկացած քաղաքացիական հարցի լուծման եղանակները տեսնում է: Եվ երբ ցանկացած քաղաքացիական շարժում բախվում է իշխանությունների կողմից օրինախախտ գործողությանը, այդ կետից ասում ենք` «Սերժիկ, հեռացի’ր»: Երբ արդեն խախտվում են օրենքները, և բռնություն է իրականացվում, քաղաքացիական շարժումն անցնում է զուտ քաղաքական պայքարի»,- իր տեսակետն է հայտնել թատերագետ Արա Նեդոլյանը:
Տնտեսագետ Դավիթ Հովհաննիսյանը Կոնգրեսի ամենամեծ թերուրությունն է համարել այն, որ այն ընկալվում է միայն որպես քաղաքական միավոր, և չի ընկալվում որպես քաղաքացիների ազատ ինքնակառավարման համակարգ: Ըստ Հովհաննիսյանի` այդ դեպքում Կոնգրեսը կհամախբեր բոլոր քաղաքացիական միավորներին:
Իրավաբան Արթուր Գրիգորյանն իր նկարագիրն է տվել ՀԱԿ-ի վերաբերյալ.
«Ինձ համար Հայ Ազգային Կոնգրեսը ոչ քաղաքական կուսակցությունների, ոչ էլ անձանց խումբ է, Կոնգրեսն ինձ համար իդեա է, գաղափար, որի հիմնական նպատակն է հասնել որոշակի արդյունքների: Ու այս տրամաբանությամբ, ինձ համար կարևոր չէ, թե ովքեր են Կոնգրեսի անդամներն ու ղեկավարները»: