Ադրբեջանի Իսլամական Կուսակցության (AIP) ղեկավարը դատապարտվել է երեք ամսվա նախնական ազատազրկման ապօրինի զենք կրելու, ահաբեկչություն հրահրելու և սահմանդրական համակարգը փոփոխելու ձգտումների համար, հաղորդում է «Ազադլիգ» ռադիոկայանը:
Մովսում Սամադովը հունվարի 7-ին բերման է ենթարկվել Բաքվի ոստիկանություն իր 7 կուսակիցների հետ, և 13 օր պահվել է կալանավայրում ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար:
Սամադովի փաստաբան Անար Քասիմովը հունվարի 20-ին`դատավարությունից հետո, պատմել է «Ազադլիգին», որ իր պաշտպանյալին երեք ժամ հարցաքննել են: Այնուհետև նրան տարել Նազիմի շրջանի դատարան, որտեղ Սամադովին 3 ամիս բանտարկելու վերաբրյալ վճիռ է կայացվել:
Քասիմովը հայտարարել է, որ իրենք բողոքարկելու են վճիռը:
Մարդու իրավունքների պաշտպանները հայտարարում են, որ Սամադովի ձերբակալությունը կապված է հունվարի 2-ին կուսակցության համագումարի ժամանակ նրա հնչեցրած ելույթի հետ, որտեղ նա քննադատել է կառավարությանը դպրոցներում գլխաշորեր կրելու արգելք մտցնելու համար: