Թուրք մասնագետները սկսել են ճառագայթման մակարդակի չափումները Հայաստանի սահմանամերձ շրջաններում, քանի որ լուրեր են հայտնվել այն մասին, որ Արմավիրի մարզում գտնվող Մեծամորի ԱԷԿ-ից ճառագայթման արտահոսք է եղել, այսօր հաղորդում է NTV-ն:
Թե ով է տարածել հնարավոր արտահոսքի մասին տեղեկությունները, չի մանրամասնվում: Հեռուստաընկերության տեղեկություններով` թուրքական Չեկմեջե միջուկային հետազոտությունների կենտրոնի և Էրզրում քաղաքի համալսարանի փորձագետները երկրի արևելյան հատվածում սկսել են հետազոտություններ իրականացնել` պարզելու համար ճառագայթման մակարդակը Թուրքիայի Արևելյան և Հարավ-Արևելյան շրջաններում` Իգդիրում, Ագրայում, Մուշում, Թունջելիում, և Շիրնակում:
Էրզրումի համալսարանի ներկայացուցիչները հաղորդել են, որ բացի ճառագայթման մակարդակի վերաբերյալ հետազոտություններից, Իգդիրում աշխատանքներ են տարվում վերջին ժամանակներս թոքի քաղցկեղի դեպքերի շատացման պատճառները պարզելու համար, հաղորդում է «Ռիա Նովոստին»:
«Այս նպատակով Իգդիրում և մի շարք այլ շրջաններում մեր հետազոտական խումբը պետական հաստատություններում և սեփական տներում ռադոնային դետեկտորներ է տեղադրել: Չափումները կշարունակվեն 2 ամիս»,- ասել է համալսարանի փորձագետ Բեքիր Դողանը: