Նախօրեին ՀՌԱՀ-ը վերջապես «Ա1+»-ին տրամադրեց «Արմնյուզ» և «Արմենիա» հեռուստաընկերությունների մրցութային փաթեթների կրկնօրինակները, այն էլ դատական քաշքշուկից հետո, տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը:
Հիշեցնենք, որ ՀՌԱՀ-ը նախապես հրաժարվել էր տրամադրել այդ փաթեթները, ինչի պատճառով «Ա1+»-ը դիմել էր դատարան: Ներկայումս «Ա1+»-ի ներկայացուցիչներն ուսումնասիրում են այդ ծավալուն փաթեթները, և մինչև շաբաթվա վերջ պատկերացում կունենան: Սակայն, ըստ «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի, արդեն ինչ-ինչ խախտումներ հայտնաբերել են, «դրանք բոլորը ստուգվում են», – ասաց Մովսեսյանը: Նա կարծում է, որ այս ընթացքում հակառակ կողմը չէր կարող փաթեթներում առկա թերությունները շտկել, քանի որ դրանք այնպիսի խախտումներ են, որոնք անհնարին է վերացնել:
«Դրանք կապված են հարկային դաշտի հետ, տեխնիկական բազայի հետ, որը հեքիաթի նման է նկարագրված: Այդ ամենը հնարավոր չէր լինի շտկել այդ օրերի ընթացքում: Գուցե ինչ-որ թղթեր կարող են փոխել, հանել, սակայն անհնարին է բուն խնդիրը շտկել»,- ասաց «Ա1+»-ի տնօրենը: