Home / Հայաստան / Բողոք կառավարության շենքի առջև. առևտրականներին առաջարկում են «թարգել»

Բողոք կառավարության շենքի առջև. առևտրականներին առաջարկում են «թարգել»

Այս պահին ՀՀ կառավարության շենքի առջև հավաքվել են Երևանի տարբեր տոնավաճառներում, մասնավորապես, Մալաթիայի և Հրազդան ստադիոնում, առևտրով զբաղվող մարդիկ: Նրանք բողոքում են ներմուծվող ապրանքի 1 կիլոգրամի համար վճարվող տուրքի կրկնակի ավելացման դեմ: Նրանց խոսքով` եթե նախկինում այն կազմում էր 4 դոլար, ապա այժմ տուրքը կազմում է 8 դոլար:

Շատերը չգիտեն, թե ինչպես են փակելու իրենց կողմից արդեն իսկ վերցրած ապրանքի պարտքը և չեն հասկանում, թե ինչու պետությունը նախապես չի զգուշացրել թանկացումների մասին:

Epress.am-ի հետ զրույցում «Հրազդան» տոնավաճառում աշխատող տիկին Սիրուշը տեղեկացրեց, որ նրանք չեն կարողանում ստանալ ապրանքը: «Ո՞նց ապրենք, էդ հարկերը, տուրքերը, վարկերը ո՞նց մարենք», – բորբոքված ասել է մեր զրուցակիցը:

Բողոքավորները նաև ասացին, որ այս պահին նրանց միանալու են գալիս տարբեր տոնավաճառներում աշխատող այլ մարդիկ:

Բողոքի ակցիայի ընթացքում կառավարության շենքից նրանց մոտ դուրս եկավ մի տղամարդ, որը Epress.am-ի լրագրողի և հավաքվածների բազմաթիվ խնդրանքներին հակառակ չներկայացավ` պնդելով, որ արդեն իսկ ներկայացել է շենքից դուրս գալու պահին:

Երկար և նյարդային խոսակցության ընթացքում նա փորձում էր համոզել հավաքվածներին գրավոր դիմում ներկայացնել, սակայն բողոքավորները հրաժարվեցին դա անել` պահանջելով անհապաղ պատասխանել իրենց հարցադրումներին:

«Էս պահին եթե պատասխան եք ուզում, որոշումը կայացված է, սակագները դրանք են, պետք է վճարեք: Չի բավարարում, ուրեմն էդ գործունեության տեսակը թարգում եք», – կառավարության ներկայացուցչի այս խոսքերն ավելի նյարդայնացրին ներկաներին:

Բողոքողները սկսեցին վանկարկել «վարչապետ», մեկ կին նույնիսկ առաջարկեց «գրավել» կառավարության շենքը:

Նշենք, որ րոպեներ առաջ բողոքողներին միացան մոտ 30 մարդիկ, որոնք, «ամոթ, ամոթ» վանկարկելով, մոտեցան կառավարության շենքին:

Ցուցարարներից երեքին հրավիրեցին կառավարության շենք զրույցի: Շենքի մոտ կանգնած ոստիկանի խոսքով` այդ կարգադրությունը տվել էր վարչապետը: