Անցյալ տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ում ձերբակալված Հայկական մաֆիոզ խմբավորումը, որը գործում էր Արմեն Ղազարյանի (մականունը` Պզո) գլխավորությամբ և զբաղվում էր բժշկական ապահովագրության ոլորտում մեքենայություններով, ստիպել է ԱՄՆ իշխանություններին փոփոխություններ կատարել գործող կանոնադրության մեջ:
Հիշեցնենք, որ հայկական խմբավորումը 163 միլիոն դոլարի չափով կեղծ փաստաթղթեր էր ներկայացրել Medicare ապահովագրական ընկերությանը 3 տարվա ընթացքում:
Երկուշաբթի ներկայացված կանոնակարգը թույլ կտա Medicare ընկերության ղեկավարությանն անմիջապես դադարեցնել կասկածելի ընկերություններին գումարների հատկացումը, ինչպես նաև հնարավորություն կտա օրենքի միջոցով պարզել իրականացրած խարդախությունների ծավալներն ու դատապարտել իրական մեղավորներին: Այս ամենի արդյունքում ավելի սերտ կհամագործակցեն ապահովագրական կառույցներն ու իրավապահ մարմինները:
Ինչպես հաղորդում է Politico-ն, երկուշաբթի կայացած ասուլիսին նոր կանոնակարգը ներկայացրել են ԱՄՆ Առողջապահության ծառայության քարտուղար Քեթլին Սեբելիուսը, նույն կազմակերպության առողջապահության ապահովագրության բաժնի ներկայացուցիչ Դոնալդ Բերվիկը և ԱՄՆ դատախազության ներկայացուցիչ Թոմաս Պերելլին:
Նրանք նշել են, որ, ընդհանուր առմամբ, կանոնակարգը հնարավորություն կտա գործակալությանն ու իրավապահ մարմիններին ապագայում խուսափել կեղծարարություններից ու շահագործումներից, և կվերացնի «Վճարիր և ազատվիր» կաղապարից (երբ ապահովագրական փաստաթղթերը ստանալով ընկերությունն անմիջապես վճարում է կատարում առանց մանրամասներ ուսումնասիրելու), ինչը տարիներ շարունակ երկակի ծանր կացության մեջ է դրել խաբեբայությունների դեմ պայքարող դաշնային բյուրոյի աշխատակիցներին: