Այս տարի «Օսկարի» ամենամյա մրցանակաբաշխության գլխավոր հերոսները կդառնան «Սոցիալական ցանց» (The Social Network) և «Թագավորի ճառը» (The King’s Speech) ֆիլմերը: Մասնագետների կարծիքով` հենց սրանք են լինելու հաղթողի կոչման հիմնական հավակնորդները:
Ֆիլմերի օգտին քվեարկողները հետաքրքրիր ընտրության առջև կկանգնեն: Առաջին ֆիլմը պատմում է Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի մասին, ով կարճ ժամանակահատվածում կարողացել է միլիարդատեր դառնալ, իսկ երկրորդը` Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հոր` Ջորջ VI-ի մասին:
Այս տարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցելու են նաև բռնցաքամարտի մասին պատմող «Մարտիկը» (The Fighter) ֆիլմը, «Սկիզբը» ( Inception) բլոքբասթերը, «Սև կարապ» (Black Swan) հոգեբանական թրիլերը, «127 ժամ» (127 Hours) հուշագրական ֆիլմը, «Իրական ամրությունը» (True Grit) վեսթերնը, լեսբուհիների ընտանիքի մասին պատմող «Երեխաները լավ են» (The Kids Are All Right) ֆիլմը, «Քաղաքը» (The Town) և «Ձմռան ոսկոր» (Winter’s Bone) ֆիլմերը, ինչպես նաև անիմացիոն «Խաղալիքի պատմություն 3» (Toy Story 3) ֆիլմը: