«Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանն օրաթերթին պատմել է, թե ինչ եզրակացության է եկել` ուսումնասիրելով «Արմնյուզ» հեռուստաընկերության փաթեթը: Հիշեցնենք, որ 2010թ. դեկտեմբերի 16-ին «Ա1+»-ը կապուղիների մրցությում ՀՌԱՀ-ի որոշմամբ պարտվել էր հենց այդ հեռուստաընկերությանը:
-Հունվարի 20-ին ՀՌԱՀ-ն «Ա1+»-ին հնարավորություն ընձեռեց պատճենահանել «Արմնյուզ» և «Արմենիա» հեռուստաընկերությունների մրցութային առաջարկները: Ի՞նչ պարզվեց դրանց նախնական ուսումնասիրությամբ:
-Ուշագրավ փաստեր բավական շատ են: Այս փաթեթները հիմնականում այն տպավորությունն են թողնում, որ երկու հեռուստաընկերություններն էլ օգտվել են եվրոպական կամ ամերիկյան մի որևէ ընկերության ծրագրից, այն տեղայնացրել` առանց հաշվի առնելու իրենց հնարավորություններն ու այսօրվա վիճակը:
Դեռ «Արմենիա»-ին մի կողմ թողնենք. այն մեր խնդրի հետ կապ ունի այնքանով, որքանով այդ հեռուստաընկերությունն իր ողջ ռեսուրսները տրամադրել է նաև «Արմնյուզ» ՓԲԸ-ին: Վերջինս իր բոլոր տեղեկություններում թույլ է տվել կոպիտ սխալներ: Ավելի ստույգ` մեր ուսումնասիրությամբ խախտումներ են հայտանբերվել այն 6 չափանիշների կապակցությամբ, որոնցով պետք է որոշվեր հաղթողը մրցույթում: Հիմնականում տեխնիկական ու ֆինանսական առումով «Արմնյուզ» հեռուստաընկերության առաջարկը նման է ինչ-որ հեքիաթի: Այն, ինչ նկարագրված է այդ փաթեթում` որևէ կապ չունի այն «Արմնյուզի» հետ, որը կա այսօր եթերում:
– Այսօր արդեն հնարավո՞ր է ասել, թե «Ա1+»-ը երբ է պատրաստվում դիմել դատարան:
– Այդ հարցին կարող եմ պատասխանել միայն մեր փաստաբանների հետ քննարկումներից հետո: Սակայն վստահ եմ` մոտակա շրջանում կդիմենք դատարան: