Հունվարի 25-ին Եգիպտոսում մեկնարկած հակակառավարական բողոքի ցույցերի հետևանքով 3 մարդ է զոհվել: Եգիպտական նավահանգստային Սուեզ քաղաքի ոստիկանության հետ բախումների ժամանակ երկու ցուցարար է զոհվել, հաղորդում է AFP գործակալությունը:
Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում ծավալված բախումների հետևանքով զոհվածների թվում է նաև մեկ ոստիկան` Ահմեդ Ազիզը, հաղորդում են երկրի անվտանգության մարմինների ներկայացուցիչները:
Միևնույն ժամանակ, եգիպտական «Աքբար-ալ-Արաբ» կայքը հայտնում է չորս զոհերի մասին: Կան նաև վիրավորներ:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Կահիրեում հազարավոր ցուցարարներ հավաքվել էին թե հրապարակում, թե երկրի նախագահ Հոսնի Մուբարակի գլխավորած Ազգային Դեմոկրատական կուսակցության գրասենյակի մոտ: Մարդիկ վանկարկում էին հակակառավարական կարգախոսներ, արևմտյան ԶԼՄ-ների լրագրողներին բողոքելով աղքատությունից և անելանելի վիճակից:
«Հեղափոխություն մինչև հաղթանակ»՝ սա էր փողոց դուրս եկած մարդկանց հիմնական կարգախոսը: Եգիպտոսի մայրաքաղաքում լարված իրավիճակը պահպանվում է: