Home / Հայաստան / Թունիսը միջազգային օրդեր է ներկայացրել նախագահի ձերբակալման առնչությամբ

Թունիսը միջազգային օրդեր է ներկայացրել նախագահի ձերբակալման առնչությամբ

Թունիսի իշխանությունները միջազգային օրդեր են ներկայացրել պաշտոնանկ արված նախագահ Բեն Ալիի ձերբակալության առնչությամբ: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը` հղում կատարելով Թունիսի արդարադատության նախարար Լաժար Կարուի Չեբիի հայտարարությանը:

Արդարադատության նախարարի խոսքով` բացի նախագահից, ձերբակալության օրդերը տարածվում է նաև նրա ընտանիքի անդամների և հարազատների վրա: Նրանք մեղադրվում են պետական փողերի յուրացման, կարողության ապօրինի ձեռքբերման և այդ միջոցները արտասահման փոխադրելու մեջ: Ավելի վաղ Թունիսի իշխանությունները խնդրել էին Շվեյցարիային սառեցնել երկրի բանկերում պահվող նախկին նախագահի հաշիվները:

Զին էլ-Աբիդին Բեն Ալին լքել է Թունիսը հունվարի 14-ին: Դրան նախորդել էին մի հակակառավարական բողոքի ակցիաները: Ցուցարարները պահանջում էին Բեն Ալիին հրաժարվել նախագահի աթոռից: Բեն Ալին զբաղեցրել է նախագահի պաշտոնը 23 տարի շարունակ: Հունվարի 19-ին ձերբակալվել էին Բեն Ալիի 33 հարազատները: Ներկայումս պաշտոնանկ արված առաջնորդը գտնվում է Սաուդյան Արաբիայում: