Հայ Ազգային Կոգրեսի այսօրվա քաղխորհրդի նիստին, որը վարել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, բացի Կոնգրեսի 18 կուսակցություններից, մասնակցեցին նաև Կենտրոնական գրասեյակի անդամները:
Նիստից հետո ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ բոլորը հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց առաջարկները Կոնգրեսի հետագա ռազմավարության վերաբերյալ:
Նիստում քննարկվել և վերլուծվել է նաև երկրում վերջերս սրված սոցիալ-տնտեսական իրավիճակը:
«Գնահատականներ տրվեցին, որ, ըստ էության, իշխանությունների գործողություններն ուղղված են մանր և միջին ձեռնարկատիրական խավի ոչնչացմանը, որը նպատակներ ունի ապահովել օլիգարխիայի հարստացման հնարավորությունները և ոչնչացնել անկախ քաղաքական մտածողություն ունեցող և կրող խավը:
Քննարկվեցին այս կապակցությամբ Կոնգրեսի անելիքները և ապագա միջոցառումները»,- ասել է Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով` թեև 2008թ. օգոստոսին Կոնգրեսը ստեղծվել էր կոնկրետ քաղաքական նպատակներով, որոնք հիմնականում կապված էին ժողովրդավարական ազատությունների հաստատման, սահամանդրական վերականգնման հետ, սակայն անցյալ տարի փետրվարին Կոնգրեսը հանդես եկավ նաև համատեղ սոցիալ-տնտեսական վերափոխման «100 քայլ» ծրագրով:
«Եվ կարելի է ասել, որ այդ քայլից սկսած` ՀԱԿ-ն առաջնորդում է նաև սոցիալական բողոքավոր էլեկտորատը»,- նշել է Զուրաբյանը:
ՀԱԿ համակարգողը նաև տեղեկացրել է, որ այս օրերին բողոքավոր առևտրականները դիմել են Կոնգրեսին` խնդրելով աջակցություն:
«Նախ մենք կիսում ենք նրանց բողոքը, անհանգստությունը: Մենք տեսնում ենք, թե իրականում ինչ անարդարություն է և ինչ ապօրինություն է կատարվում, և հիմա դա վերլուծում ենք: Երեկ տեղի ունեցավ տնտեսական հանձնաժողովի նիստ, որում մանրամասն քննարկվեցին ստեղծված վիճակը և լուծումները` և այդ մաքսատուրքերի բարձրացման հետ կապված, և փողոցային առևտրի բռնի դադարեցման հետ կապված: Մենք այս ամբողջը կամփոփենք և հայտարարությամբ հանդես կգանք և, բնականաբար, մեր աջակցությունն ենք հայտնում բոլոր ակցիաների մասնակիցներին»,- ասել է ՀԱԿ համակարգողը: