ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանն իր ասուլիսի ժամանակ չի բացառել, որ «Հայփոստի» կառավարիչը կարող է փոխվել: Օրաթերթը ներկայացնում է հնարավոր փոփոխության մանրամասները:
Այժմ «Հայփոստի» կառավարումն իրականացնում է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությունը: Պարզվում է` «Հայփոստը» հետ վերցնելու ծրագիրը Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատում մշակվել է դեռ վաղուց: Սակայն դժվարությունն այն է, որ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությունը, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին, այնքան էլ վատ չի իրականացնում իր ստանձնած պարտավորությունները, և նրա վրա «կեղտ գտնելը» հեշտ չէ: Ըստ որոշ տեղեկությունների, «Հայփոստը» հետ վերցնելու ցանկությունը պայմանավորված է նրանով, որ, ինչպես բազմիցս նշվել է մամուլում, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերության կառավարմանն ուղղակի կամ անուղղակի մասնակցում է նաև Քոչարյանների ընտանիքը: Քոչարյանամերձ ուժերի շրջանում վերջերս արձանագրվող ակտիվացումը, ըստ ամենայնի, պայմանավորված է հենց այդ ընտանիքի կողմից վերահսկվող բիզնեսի դեմ սկսված առայժմ ոչ այնքան ակնհայտ արշավով: Տեղեկություններ են շրջանառվում, որ շուտով այդ աշխատանքն ուղղվելու է Հայաստանի տնտեսության գերհսկայի` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ուղղությամբ, որի հետ ևս Քոչարյանների ընտանիքը որոշակի կապեր ունի: Ընդ որում, սա կարող է բավական արագ տեղի ունենալ, քանի որ միջազգային շուկայում պղնձի գինը պատմական ռեկորդներ է սահմանում և անասելի շահույթներ պարգևում կոմբինատի սեփականատերերին: