Home / Հայաստան / «Մեկը մեկի վրա ա քցում…». Առևտրականների բողոքը նախագահից` քաղաքապետարան

«Մեկը մեկի վրա ա քցում…». Առևտրականների բողոքը նախագահից` քաղաքապետարան

Այսօր բացօթյա առևտուր իրականացնող մարդկանց նախագահականից պատասխանել են, որ իրենց հարցը ՀՀ նախագահի հանձնարարականով ներկայացված է Երևանի քաղաքապետարան: Հիշեցնենք, որ երեկ նրանք բացօթյա առևտրրի արգելքի դեմ բողոքի ցույց էին անցկացրել նախագահի նստավայրի մոտ և դիմում հանձնել նախագահի վերահսկողական ծառայություն:

Իրենց բողոքը քաղաքապետարան ուղարկելու մասին Epress.am-ին հայտնել է բացօթյա առևտուր իրականացնողներից Յուրան, ով երեկ 4 այլ առևտրականների հետ միասին հանդիպում էր ունեցել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ, և դիմում-նամակ ներկայացրել:

«Մեզ պատասխանեցին, որ փետրվարի 7-ին մեզ կընդունեն Քաղաքապետարանում, կլսեն մեզ: Չնայած որ հեչ հույս չունենք էլ, բայց տեսնենք ինչ կլինի: Բայց եթե չլուծեցին մեր հարցը, ուրիշ ելք չունենք, ժողովուրդը պտի ոտի հելնի, թե չէ ո՞նց ենք ապրելու»,- ասել է Յուրան:

Մեզ հետ զրույցում առևտարական կանայք էլ ասել են, որ կապ չունի` իրենց երբ են ընդունելու քաղաքապետարանում, իրենք շարունակելու են ակցիաները:

«Մեկը մեկի վրա ա քցում, չեն կարում հարցը լուծեն, հիմա նորից ուղարկում են քաղաքապետարան: Մենք չենք սպասելու ամսի 7-ին, հենց երկուշաբթի էլ` ժամը 13:00-ին բողոքի ակցիա ենք անցկացնելու քաղաքապետարանի առաջ»,- ասել են կանայք: