Սերժ Սարգսյանի եղբայրը` Սաշիկ Սարգսյանը, օրերս մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, քանի որ այնտեղ վերջինիս շինարարական բիզնեսը հայտնվել է ամերիկյան իրավապահների ուշադրության կենտրոնում, հաղորդում է օրաթերթը:
Ինչպես հայտնի է, Հայաստանում գործունեություն ծավալող «Գլենդել Հիլզ» ընկերության տանիքը Սաշիկ Սարգսյանն է, որը համանուն շինարարական կոմպանիա ունի նաև ԱՄՆ-ում: Այդ կոմպանիան վերջին տարիներին նախաձեռնել էր լայնածավալ շինարարական նախագծեր հենց Գլենդելում: Սաշիկ Սարգսյանն այնտեղ առանձին մարդ էր նշանակել, որը տեր էր կանգնում իր բիզնեսին ԱՄՆ-ում, բացի այդ էլ լուրջ կապեր ուներ տեղի հանցավոր օղակների ներկայացուցիչների հետ, որոնք հաճախ էին պետք գալիս Սաշիկ Սարգսյանին:
Օրերս Միացյալ Նահանգներում ամերիկյան իրավապահները ձերբակալել են «Գլենդել Հիլզ» ընկերության գործադիր տնօրենին, այսինքն` Սաշիկի յուրայինին, որի «պոչին» FBI-ը նստել է դեռ ամիսներ առաջ` «Պզոյի» հանցախմբի բացահայտումից ընդամենը օրեր անց: Մեր տեղեկություններով` ձերբակալվածի անունը Արմենակ է (վերջինիս հետ ձերբակալվել են նաև այլ հայեր, որոնք առնչություն են ունեցել Սաշիկի շինարարական բիզնեսի հետ):
Սերժ Սարգսյանի եղբայրը օրերս մեկնել է Միացյալ Նահանգներ` փրկելու իր տնօրենին ու նրա ընկերներին: Սաշիկ Սարգսյանն այժմ ԱՄՆ-ում է, և նրա բանակցությունները` իր մարդկանց ազատ արձակելու մասով, դեռևս շոշափելի արդյունքներ չեն տվել: Ավելին, մեր տեղեկություններով, Սաշիկ Սարգսյանն այլևս հասկացել է, որ ոչինչ չի կարող անել այնտեղ մնալով: Խոսակցություններ կան, որ նա արդեն այդ հարցով դիմել է եղբորը` Սերժ Սարգսյանին, որն էլ իր հերթին նրան հրահանգել է արագ վերադառնալ Հայաստան և անձամբ ներկայացնել իրավիճակը: