ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ԱՊՊԱ-ի հետ կապված նամակ է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, սակայն վերջինս նամակին առայժմ չի արձագանքել: Այս մասին Մարտիրոսյանն ասել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, ըստ ԱԺ կանոնակարգի, պատգամավորների նամակները` ուղղված կառավարությանը, պատասխան են ակնկալում տասնօրյա ժամկետում:
«Ես առաջարկելու եմ, որ եթե չպատասխանեն նամակներին, կառավարության անդամներին տուգանեն 50 000 դրամի չափով: Այ դա կլինի իսկական ԱՊՊԱ ցուցանիշ»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` Հայաստանում այսօր աղքատացման գործընթաց է գնում, և եթե այլևս հասել ենք եվրոպական չափանիշներին` ԱՊՊԱ-ով, ապա պետք է անցնել նաև եվրոպական աղքատացման չափանիշներին:
Ինչ վերաբերում է առևտրականների բողոքի ակցիաներին` Մարտիրոսյանը ստեղծված իրավիճակը որակել է որպես քաղաքացու դեմ վարվող տնտեսական քաղաքականություն: Այդ առումով նա տեղին է համարել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն միտքը, որ «եթե ոչինչ չանեին, ապա դա լավագույն օգնությունը կլիներ քաղաքացուն»: