Եգիպտոսում ձերբակալվել են բողոքի ակցիայի ավելի քան 1000 մասնակիցներ, հաղորդում է AFP գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր հակակառավարական ակցիաների հետևանքով 700 ձերբակալվածների մասին:
Ցույցերի կազմակերպիչները մտադրվել են շարունակել բողոքի ակցիաները տարբեր քաղաքներում, այդ թվում` Կահիրեում և Սուեցում: Ցուցարարների հիմնական պահանջը նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունն է, ով նախագահական աթոռը զբաղեցնում է շուրջ 30 տարի:
Նշենք, որ երկօրյա ցույցերի հետևանքով 6 մարդ է զոհվել, որոնց թվում կա մեկ ոստիկան: Հարյուրավոր մարդիկ վնասվել են: Կազմակերպիչներին հաղորդակցվելու հնարավորությունից զրկելու համար իշխանությունները արգելափակել են Facebook սոցիալական կայքի և Twitter-ի ծառայության մուտքը: Արգելափակել են նաև բջջային հեռախոսազանգերը: Փողոցային ակցիաները պաշտոնապես արգելված են:
ԶԼՄ-ներում Եգիպտոսի բողոքի ցույցերը համեմատում են Թունիսի դեպքերի հետ, որտեղ ընդդիմադիրների ցույցերը հեղաշրջման հանգեցրեցին, ինչի արդյունքում էլ 1987 թվականից ի վեր նախագահի պաշտոնը զբաղեցրած Զին էլ Աբիդին բեն Ալին պաշտոնանկ արվեց: