Օրաթերթը մանրամասներ է ներկայացնում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդու ընկերոջ` Վարդան Մարտիրոսյանի ճակատագրի մասին, ում դեմ դատական գործ էին հարուցել, սակայն հետագայում այն կարճվել էր:
Արարատի զորամասում Խաչատուրովների հովանավորությամբ կատարվող ապօրինությունների կապակցությամբ հրամանատարը` «Ռոժ» մականունով Վարդան Մարտիրոսյանն ու փոխգնդապետ Արթուր Կարապետյանը աշխատանքից հեռացվեցին: Նրանք ստիպել էին զինծառայողներին իրենց համար վարկեր վերցնել բանկերից: Նրանք ձերբակալվեցին, սակայն մի քանի օր անց հայտնվեցին ազատության մեջ: Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին` Գրիշան, որը բանակային 4-րդ կորպուսի ղեկավարն էր, հրաժարականի դիմում ներկայացրեց` բողոքելով ընկերներին կալանավորելու դեմ: Իսկ օրերս Յուրի Խաչատուրովն իր որդու ընկերոջը` Ռոժին, վերականգնել է ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունում: Տեղեկություններ կան, որ նախկին աշխատանքին է վերադառնալու նաև Արթուր Կարապետյանը: Իսկ Գրիշա Խաչատուրովի համար հայրիկը լուրջ պաշտոն է տնտղում: ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեր թղթակցին ասել է. «Վարդան Մարտիրոսյանի գործը կարճվել է: Հետևապես` օրենքով իրավունք ունի շարունակել զինվորական ծառայությունը»: