Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի շուրջ ծավալվող սեքս-սկանդալը ավելի մեծ թափ է առնում:
Իտալիայում փաստաթղթեր են հրապարակվել, որոնք, Միլանի դատախազության համաձայն, պատմում են Բերլուսկոնիի սեքսուալ խրախճանքների մասին և ապացուցում են նրա կապն անչափահաս մարմնավաճառի հետ, հաղորդում է BBC-ն:
Իտալական օրենքը չի արգելում օգտվել մարմնավաճառների ծառայությունից, սակայն անչափահաս աղջիկների հետ սեռական կապը քրեական հանցագործություն է համարվում:
Միլանի դատախազությունը հետաքննություն է անցկացնում` պարզելու համար Բերլուսկոնիի կապը Ռուբի բեմական կեղծանվամբ հանդես եկող պորտապարուհի Քարիմա-Էլ-Մախրուքի հետ, ով ներկա էր լինում վարչապետի խրախճանքներին, երբ ընդամենը 17 տարեկան էր: Հետաքննության տվյալների համաձայն` Բերլուսկոնին վճարում էր նրան սեռական հարաբերությունների համար:
Վարչապետը հերքում է այս բոլոր մեղադրանքները և իր սեռական կապերի շուրջ ծավալվող խոսակցությունները համարում քաղաքական ընդդիմադիրների կողմից արված հերյուրանք: