ԵԽԽՎ-ն հունվարի 27-ին հրատապ քննարկեց Բելառուսի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը և որոշեց, որ Եվրոպայի խորհրդում այդ երկրին տրված «հատուկ հյուրի» կարգավիճակը պետք է մնա կասեցված, քանի դեռ էական առաջընթաց չկա ԵԽ ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները հարգելու առումով, տեղեկացնում է օրաթերթը:
ԵԽԽՎ-ն վարահաստատեց իր որոշումը` բարձր մակարդակի շփումներում չներգրավել Բելառուսի իշխանություններին: ԵԽԽՎ-ն նաև իր անդամ երկրներին կոչ արեց միանալ Եվրամիության պատժամիջոցներին` ընդդեմ Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաների: Այս հարցի քննարկման ընթացքում Լիտվայի պատվիրակ Եգիդիժուս Վարեյկիսն ասաց.
«Ես առաջարկում եմ Եվրոպայի խորհրդի ամդամ երկրներին` Վրաստանին, Հայաստանին, Ուկրաինային և նույնիսկ Ռուսաստանին, որ եթե նրանք բավականաչափ համարձակ են` պետք է վիզա չտրամադրեն բելառուսական բռնակալին: Մի’ վախեցեք ընդունել երիտասարդ սերնդին` հեշտացրեք նրանց համար վիզա ստանալը: Ձեր համալսարաններ ընդունեք ուսանողներին, որոնք հեռացվել են բելառուսական համալսարաններից: Սա շատ լավ բան կլինի, քանի որ դուք պետք է տարանջատեք բռնակալին իր ժողովրդից»: Ուշագրավ է, որ Վարեյկիսն իր թվարկման մեջ չնշեց Ադրբեջանը, թեև մշտապես միանում է այդ երկրի պատվիրակության նախաձեռնություններին: