Ամբողջ գիշերվա ընթացքում Եգիպտոսում բողոքող հազարավոր մարդիկ չեն հեռացել խոշոր քաղաքների փողոցներից, չնայած դեռևս երեկ երեկոյան երկրի նախագահ 82-ամյա Հոսնի Մուբարակը հայտարարել էր պարետային ժամ մտցնելու մասին:
Երկրի խոշորագույն քաղաքներում` Կահիրեում, Ալեքսանդրիայում, Սուեցում, բախումներ էին արձանագրվում ցուցարարների ու ոստիկանության միջև: Ցուցարարներն ակնհայտորեն առավելություն ունեին հատկապես մայրաքաղաք Կահիրեում, որտեղ նրանք գրոհել են հեռուստատեսության և արտաքին գործերի նախարարության շենքերը: Ոստիկաններին չէին կարողանում օգնել անգամ զինվորական միավորումները, որոնք մտել են Կահիրե պարետային ժամ հայտարարելուց հետո: Բողոքավորները հրկիզել են նաև երկրում իշխող Ազգային Դեմոկրատական կուսակցության շենքը, որը կրակի մեջ է եղել մինչ առավոտ:
Տեսնելով, որ իրավիճակը դուրս է գալիս հսկողությունից Հոսնի Մուբարակը ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ և հայտարարել է, որ ցրում է երկրի կառավարությունը և այսօր հայտարարելու նոր կառավարության անդամների անունները:
Ժողովուրդը, սակայն, չի հեռանում փողոցներից` պահանջելով Մուբարակի հրաժարականը: Ընդդիմադիր «Մահմեդական եղբայրություն» կուսակցությունը հայտարարել է, որ իրենց նպատակաը միմիայն երկրի նախագահի հեռանալն է:
Այս պահի դրությամբ ցուցարարները շարունակում են փողոցում մնալ: