Եգիպտական ընդդիմության առաջնորդ Մոհամեդ Էլ Բարադեյը կոչ է արել երկրի նախագահ Հոսնի Մուբարաքին «լքել Եգիպտոսն այսօր և փրկել երկիրը»:
«Երկիրը մասերի է բաժանվում», – հայտարարել է Էլ Բարադեյը CNN-ին տված հարցազրույցում:
Ընդդիմության առաջնորդի խոսքով՝ Եգիպտոսը մտնում է փոփոխությունների շրջան, և երկրին ազգային միաբանության կառավարություն է հարկավոր, որը «ազատ և արդար» ընտրություններ կանցկացնի:
«Ես կարծում եմ՝ Մուբարաքի փորձը մնալ իշխանության անհույս է: Ես կարծում եմ, որ Եգիպտոսում այսօր հստակ և միաձայն ասում են, որ Մուբարաքը պետք է հեռանա հենց այսօր, և ոչ մի եգիպտացու համար սա սակարկության ենթակա չէ», – հայտարարել է Էլ Բարադեյը:
Վերջինիս նաև հարցրել են, թե արդյոք նա պատրաստ է դառնալ երկրի նախագահի պաշտոնակատար մինչև ընտրությունները, ինչին Էլ Բարադեյը պատասխանել է.
«Եթե Եգիպտոսի ժողովուրդը առաջարկի ընդունել առաջնորդությունը, ես կծառայեմ նրան»:
Նշենք, որ հարցազրույցից հետո Էլ Բարադեյը ժամանել է Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակ, որտեղ նրան հազարավոր ցուցարարներ էին սպասում: Վերջիններս շարունակում են հակակառավարական կարգախոսներ վանկարկել: