Եգիպտոսի իշխանությունները Կահիրե են մտցրել կառավարական զորքերի ընտրյալ զորամիավորումները և մեծ թվով ռազմական տեխնիկա: Այս մասին հաղորդում է Գարդիանը:
Կահիրեի փողոցներում կարելի է տեսնել տասնյակ տանկեր, ինչպես նաև բազամթիվ ուղղաթիռներ, որոնք շրջում են ցածր բարրձության վրա: Մասնագետների հավաստմամբ, սրանք եգիպտական բանակի լավագույն ուժերն են:
Հոսնի Մուբարաքի ձեռնարկած անգամ այս միջոցները չեն վախեցնում տասնյակ հազարավոր ցուցարարներին, ովքեր կեսօրից կրկին դուրս են եկել Կահիրեի փողոցներ: Նրանք շարունակում են պահանջել Մուբարաքի հրաժարականը:
Քաղաքի կենտրոնական Թահրիր հրապարակում ցուցարարներին միացել են մի քանի տասնյակ դատավորներ, ովքեր նույնպես իրենց ձայնն են բարրձացրել ընդդեմ երկրի նախագահի: Արևմտյան լրատվամիջոցները հաղորդում են, որ քաղաքում քաոսային իրավիճակ է տիրում՝ չի գործում քաղաքային տրանսպորտը, չի իրականացվում աղբահանություն, հիմնականում փակ են խոշոր խանութները:
Հիշեցնենք, որ առավոտյան Եգիպտոսի իշխանությունները կասեցրել են Ալ Ջազիրա հեռուստաընկերության աշխատակիցների գործունեությունը և փակել ընկերության գրասենյակը: Ալ Ջազիրան առավել անաչառ և արագ էր լուսաբանում Եգիպտոսում այս շաբաթվա սկզբից ծավալված իրադարձությունները: