Home / Հայաստան / Յեմենում պատրաստվում են Եգիպտոսի օրինակով «Զայրույթի օր» կազմակերպել

Յեմենում պատրաստվում են Եգիպտոսի օրինակով «Զայրույթի օր» կազմակերպել

Հարյուրավոր մարդիկ կրկին փողոց են դուրս եկել Յեմենի մայրաքաղաք Սանաայում, որտեղ արդեն երկու շաբաթ է` շարունակվում են բողոքի ցույցերը երկրի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի դեմ:

Ցուցարարները շարժվել են դեպի Եգիպտոսի դեսպանատուն՝ վանկարկելով. «Թունիսն ազատ է, հետո՝ Եգիպտոսը, ապա հերթը Յեմենինն է»:

Երթի ընթացքում ցուցարարներին գրոհել են ոստիկանները՝ խոչընդոտելով նրանց առաջխաղացումը դեպի Եգիպտոսի դեսպանատուն: Բախումների հետևանքով երկու կողմերից լուրջ տուժածներ չեն եղել:

Ինչպես հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները, բողոքի ցույցերի առաջնորդներից մեկը՝ կին ակտիվիստ Տավակել Կարմանը, հայտարարել է, որ իրենք շարունակելու են փողոց դուրս գալ այնքան ժամանակ, մինչև Սալեհը հրաժարական տա:

Կարմանը կոչ է արել բոլոր յեմենցիներին փողոց դուրս գալ փետրվարի 3-ին` լայնածավալ ակցիա անցկացնելու համար: Փետրվարի 3-ը պետք է, այսպես կոչված, «Զայրույթի օր» դառնա, ասել է Կարմանը, ինչպես դա տեղի ունեցավ Եգիպտոսում հունվարի 28-ին: