Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը Epress.am-ի խնդրանքով անդրադարձել է Թունիսում և Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններին և համեմատականներ անցկացրել հայաստանյան իրականության հետ:
Աղքատի շորեր հագած անառակ աղջիկը բախեց բարիների և իմաստունների դռները և նրանք վրդովմունքով ու զզվանքով դուրս արեցին այդ կեղտոտ պոռնիկին: Այդ ժամանակ նա գնաց չարերի ու միամիտների մոտ ու նրանց աչքին արքայական զգեստներով անարատ կույս երևաց: Ու նրանք հյուրնըկալեցին այդ սուրբ պոռնիկին, կիսեցին նրա հետ իրենց հացը, ու սկսվեց հեղափոխություն:
Հատկապես եգիպտոսյան իրադարձություններն այսօր լակմուսյան թուղթ են՝ յուրահատուկ անցագիր, որը, թերևս, թույլ է տալիս հասկանալու մարդու կամ խմբի տեղը համաշխարհային և հայաստանյան դիրքորոշումների քարտեզի վրա: Եգիպտոսի կողմից ես, թե՞ ոչ: Փորձենք հասկանալ` ի՛նչ է կատարվում:
Նախ՝ ո՞վքեր են ըմբոստացել Եգիպտոսում: Շարժիչ ուժը կրթված, համացանցից օգտվող, ազատության և հայրենասիրության իդեալներ կրող երիտասարդներ են: Սա հեղաշրջում է մեր պատկերացումը մահմեդական երկրների զանգվածներին մասին: Եգիպտացի (իսկ մինչ այդ թունիսցի) ցուցարարները չեն ջարդում այլակրոններին և այլազգիներին, կազմակերպված կերպով պաշտպանում են Կահիրեի թանգարանը, բայց ոստիկանության բռնությանը պատասխանում են բռնությամբ: Բռնությունից պետք չի «վախենալ», քանի որ դա հետևանք է օբյեկտիվ իրականության՝ բռնապետությունը ծնում է բռնություն: Տարօրինակ կլիներ եգիպտացի ցուցարարներից պահանջել հիփիական իդեալներ: Հիփիները չեն գործել բռնապետական վարչակարգի պայմաններում:
Եգիպտացի ցուցարարները ոչ միայն համակրանք են առաջացնում, այլև` հարազատության զգացում: Նայելով նրանց, հատկապես հայաստանցի երիտասարդության այն մասը, որը վերջին երեք տարիների ընթացքում ներգրավված է բռնապետության դեմ պայքարի մեջ ճանաչում է ինքն իրեն: Այստեղից էլ «իմ ժողովրդի» զգացողությունը: «Իմ ժողովուրդն» այսօր կարող է նշանակել ոչ միայն էթնիկ կամ նույնիսկ քաղաքացիական միասնություն, այլև աշխարհի տարբեր երկրներում բռնապետությունների դեմ պայքարող և ազատության ու հայրենասիրության իդեալները կրող երիտասարդ ու կիրթ խավի միասնականության զգացողություն: Այս իմաստով եգիպտացի բողոքավորների ասելիքն առանց հավելյալ թարգմանության ընկալելի ու հասկանալի է աշխարհում շատերի համար (ընդ որում, ոչ միայն բռնապետությունների բնակիչների):
Հատկանշանական է, որ հակառակ կողմը, ըստ էության, համարժեք ասելիք չունի: Մուբարաքի վարչակարգի պատասխանն էր՝ հաղորդակցության բոլոր միջոցների՝ համացանց, բջջային կապ, մասամբ նաև հեռուստատեսություն (Ալ Ջազիրա), անջատումը: Դա նշանակում է, որ հակառակ կողմը «հաղորդելու» բան չունի, նրա ասելիքը սպառված է: Այդ կոնտեքստում կեղծ են հնչում երկխոսության շաբլոն կոչերը: Երկխոսությունը կարող է տեղի ունենալ երկու ասելիք ունեցող կողմերի միջև, որը տվյալ դեպքում չկա: Երկխոսության կոչերը նաև ամրապնդում են այսօրվա լիբերալիզմի՝ արևմտյան քաղաքական վերնախավի, փորձագետների և այլոց իրական ասելիք չունենալու մասին կասկածները:
Հատկապես, աշխարհի թիվ մեկ պետության նախագահ Օբաման և իր վարչակարգը, որի ընտրվելը ողջունվեց որպես առաջադիմություն և նորություն, ըստ էության, վճռական են միայն իրենց անվճռականության մեջ: Նրանք կարող էին «քյարթու» ո՛չ, կամ հեղափոխական այո՛ ասել, բայց փոխարենը միայն պարզեցին իրենց անկարողությունը կողմնորոշվել իրապես ճակատագրական պահերին: Թերևս դա նպաստեց հավելյալ քաոսի և նոր զոհերի Եգիպտոսում, որովհետև երկարացրեց ոչ ոքի վիճակը: Եվ եգիպտական քաոսի պատկերը կարող է չար գուշակության նման մի բան լինի աշխարհի մակարդակով: Իմ կարծիքով` պոլիտկորեկտ լիբերալիզմը, որի մարմնավորումն է Օբաման, պետք է համաշխարհային մասշտաբով իր տեղը զիջի նոր տիպի քաղաքականության, որն իրապես հիմնված լինի արժեքների վրա: Ռոբեսպյերը կամ Սեն Ժյուստը երբեք կոչ չէին անի երկխոսության նույն պայմաններում՝ նրանք հստակ կողմ կամ դեմ դիրք կգրավեին: Խնդիրն այն է, որ ժամանակակից «լիբերալիզմը» վախենում է «մեկ ճշմարտություն»-ից, այլ ենթադրում է, որ «ամեն մարդ իրա ճիշտն ունի»: Վախի պատճառները պարզ են՝ «մեկ ճշմարտությունը» հաճախ առաջացնում է տոտալիտարիզմ: Բայց տարակարծությունն էլ (պարադոքսը) այն է, որ «բազմաթիվ հավասար ճշմարտությունների» դոքտրինը հետևողական լինելու դեպքում պետք է ճանաչի նաև Հիթլերի, Բեն Լադենի, մարդակերների և այլոց «իրենց ճիշտը» ունենալը, և կոչ անի երկխոսության նրանց հետ:
Շատերի մոտ աշխարհում վախ կա, որ վարչակարգի փոփոխությունը Եգիպտոսում կարող է բերել իսլամիզմի տարածմանը և առհասարակ երկարատև անկայունությանը երկրում և տարածաշրջանում: Այս վախն անհիմն չէ: Սակայն համաշխարհային վերնախավը, ըստ իս, պարտավոր է դիմել ռիսկի: Եթե այսօր ճնշվի համեմատաբար երիտասարդների ու կրթվածների բողոքը և ասելիք չունեցող բռնապետությունը շարունակի կառավարել երկիրը` դա, ամենայն հավանականությամբ, կնշանակի, որ հաջորդ բողոքի ալիքը կկրի այլ՝ ավելի վայրագ բնույթ և շանս կտա իրական ծայրահեղականներին:
Զուտ պահպանողական ռազամավարութունն անարդյունավետ է՝ պատնեշ կանգնեցնելով պատմական ժամանակի հոսքի առջև, ընդամենը հետաձգվելու է պայթյունը, ընդ որում` հետաձգված պայթյունն ավելի ուժգին ու վտանգավոր կարող է լինել: Եթե այսօր պաշտպանենք անցյալի ուրվականին, որպիսին է Մուբարաքը, ապա վաղը կարող ենք տեսնել այդ ուրվականի մյուս՝ ծայրահեղ իսլամիստական ու վայրագ դեմքը: Այդ պատճառով պետք է համարձակություն և իրական իմաստություն գտնել աշխատելու նորի հետ, որքան էլ դա խնդրահարույց լինի:
Ինչ վերաբերում է հայաստանյան արձագանքներին, ապա դրանք ևս շատ հատկանշական են: Հայաստանցիների գերակշիռ մասը շարունակում է առաջնորդվել «գեոպոլիտիկ» աշխարհայացքով: Հայաստանում գրեթե չկան իդեալիստներ: Միջին հայաստանցին՝ շարքային քաղաքացի, թե «ինտելեկտուալ» փորձագետ կարծում է, որ խելոք լինելու և երևալու համար պետք է չլինել «միամիտ» ու ամենուրեք տեսնել շահեր, չոր պրագմատիզմ, «աշխարհքաղաքականություն», արտաքին միջամտություն: Իհարկե, եթե որևէ համաշխարհային նշանակության իրադարձության կոնետքստում անտեսենք թվարկված գործոնները, անշուշտ կսխալվենք: Բայց դրանք իրականության միայն 50 տոկոսն են: Նրանք, ովքեր պատմական և քաղաքական իրադարձությունները վերլուծելիս անտեսում են ազատութան, սպոնտանության, պատահականության, մարդկանց և խմբերի սուբյեկտության և իդեալիստական մոտիվացիայի պահը, բացահայտում են ոչ թե իրենց իմաստությունը, այլ գավառականությունը և ծակ պրոֆեսորությունը: Ազատությունն ու օրինաչափությունը հավասարապես են բաշխված պատմութան և քաղաքականության մեջ:
Հայաստանցիները վախենում են միամիտ երևալ, և դրանով իսկ իրականում ավելի միամիտ են դառնում քան ամենամիամիտ իդեալիստները: Բացի դա, պետք է հաշվի առնել նաև հայ մտավորականության գերակշիռ մասի էլիտարիստական աշխարհայացքը: Շատերն են խոսում ժողովրդավարությունից և ազատությունից, բայց իրականում վախենում են և խորշում են զանգվածներին: Մինչև հիմա լավ տոն է համարվում 19-րդ դարի սկզբի՝ «հանճարը և ամբոխը» ռոմանտիկ շտամպը: Եթե մի լավ թափ տաս հայ մտավորականին, որը ճառում է ազատությունից և առաջադիմութունից, կպարզվի, որ նա ավելի շուտ 19-րդ դարի հակահեղափոխական և պահպանողական մտածողների հետևորդ է (ինչն ինքնին վատ չէ, բայց վատ է դառնում, երբ գիտակցված չէ): Ի տարբերութուն Եգիպտոսի, մեզանում կա «առաջադիմական» համարվող մի շերտ կամ շերտեր, որոնք իրականում ռեակցիոն գաղափարների կրող են: Դա խնդրահարույց է դարձնում Հայաստանի առաջընթացը, բայց դա այլ թեմա է:
Թվում է՝ աստվածները վերադանում են: Դա նշանակում է վերադառնում է ճակատագիրը, մեծ իրադարձությունները, պայքարը, ազատությունը, սուբյեկտությունը: