Հազարավոր մարդիկ չեն հեռանում Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի փողոցներից: Երեկ բողոքի ցույցերի ժամանակ Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում ցուցարարներին է միացել ընդդիմության առաջնորդ Մոհամեդ Էլ Բարադեյը, ով հայտարարել է, որ հետդարձի ճանապարհ չկա, և Եգիպտոսի միակ փրկությունը երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականն է: Էլ Բարադեյը նաև կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային միջամտել, և Մուբարաքից պահանջել հեռանալ երկրից:
Ընդդիմադիր խոշոր ուժերից մեկը՝ «Մահմեդականների եղբայրությունը», նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Մուբարաքի հրաժարականի դեպքում պատրաստ է ընդունել Էլ Բարադեյին որպես նախագահի պաշտոնակատար մինչև երկրում ընտրություններ իրականացվեն: «Մահմեդականների եղբայրությունը» կոչ է արել բոլոր ընդդիմադիր ուժերին միավորվել երկրի համար օրհասական պահին:
Իր հերթին, Հոսնի Մուբարաքը փորձում է քայլեր ձեռնարկել իշխանությունը պահելու համար: Երեկ նա քաղաք է մտցրել Եգիպտոսի զորքերի ընտրյալ միավորումները, իսկ երկրի կառավարությունը հայտարարել է գների իջեցման մասին, սակայն դա չի ազդել հազարավոր ցուցարարների վրա, ովքեր շարունակում են փողոցում մնալ:
Ողջ գիշերվա ընթացքում զինվորականները Թահրիրում բավական մոտ են կանգնած եղել ժողովրդին, սակայն չեն միջամտել հավաքի ընթացքին: Մարդիկ հաճախ դիմել են զինվորականներին՝ մեղադրելով դավաճանության մեջ և կոչ անելով միանալ իրենց: Ինչպես հաղորդում են եգիպտացի լրագրողները, ցուցարարներն անգամ հաց են կիսել զինվորների հետ, ովքեր չեն հրաժարվել ընդունել այն: Նշենք, որ վերջին օրերի ընթացքում բազամթիվ ոստիկաններ և զինվորականներ անցել են ընդդիմության շարքերը: Երեկ Թահրիր հրապարակում նրանց են միացել նաև դատավորներն ու հոգևորականները:
Երկուշաբթի վաղ առավոտյան Թահրիր հրապարակում մեծ պաստառ է հայտնվել. «Բանակը պետք է ընտրի Եգիպտոսի և Մուբարաքի միջև»:
Մարդիկ շարունակում են փողոցում մնալ նաև երկրի այլ խոշոր քաղաքներում, մասնավորապես, Սուեզում և Ալեքսանդրիայում: