Եգիպտոսի ընդդիմությունը պատրաստվում է երեքշաբթի երկրի մայրաքաղաք Կահիրեի փողոցներ 1 միլիոն մարդ դուրս բերել: Մարդկանց ուղղված այսպիսի կոչով է հանդես եկել ընդդիմադիր «Ապրիլի 6-ի» շարժումը, որի անդամներն ակտիվորեն մասնակցել են վերջին օրերի հակառավարական ցույցերին: Այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրան»:
Ընդդիմադիրների խոսքով` 1 միլիոնից ավելի մարդիկ միաժամանակ պետք է դուրս գան Կահիրեի փողոցներ և միաբերան պահանջեն Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը:
Նշենք, որ մի քանի հազար մարդ գիշերվա ընթացքում մնացել է Կահիրեի Թահրիր կենտրոնական հրապարակում, չնայած քաղաքում պարետային ժամ է հայտարարված: Եգիպտոսի բանակի ընտրյալ զորամիավորումները գտնվում են քաղաքում, սակայն երեկ և այսօր նրանք չեն միջամտել բողոքի ակցիաներին: