Ռուսաստանի ֆուտբոլային պրեմիեր-լիգայի «Կրասնոդար» ակումբի նորեկ Յուրա Մովսիսյանը Armfootball.com կայքին տված հարցազրույցում պատմել է տեղափոխության մանրամասների և ապագա ծրագրերի մասին:
– Յո’ւրա, այժմ դու գտնվում ես Դանիայում, որո՞նք են քո հետագա պլանները:
– Ես այստեղ եմ գտնվում, որպեսզի ընտանիքով տեղափոխվենք Ռուսաստան, իրերս եմ հավաքում:
– Իսկ ի՞նչ զգացումներով ես լքում «Ռանդերսը»:
– «Ռանդերսն» իմ եվրոպական կարիերայում առաջին քայլն էր, իհարկե թիմի նկատմամբ ջերմ զգացումները մնում են:
– Իսկ ե՞րբ տեղեկացար, որ «Կրասնոդարը» հետաքրքրվում է քեզանով:
– Մոտավորապես մեկուկես ամիս առաջ այդ թիմից զանգահարեցին իմ գործակալին և սկսվեցին բանակցությունները:
– Իսկ այլ տարբերակներ կայի՞ն, թե քո բարձր տրանսֆերային գինը վախեցնում էր հնարավոր գնորդներին:
– Շատ ճիշտ նկատեցիք: Այդպես էլ եղել է: Այլ թիմեր էլ էին հետաքրքրվում, բայց ինձ համար պահանջվող գումարի չափը նրանց վախեցնում էր:
– Իսկ ի՞նչ ես կարծում , եթե մինչև ամառ մնայիր Դանիայում, ապա ավելի հեղինակավոր թիմ չէի՞ր կարող տեղափոխվել:
– Այժմ ֆուտբոլում այնպիսի իրավիճակ է, որ դանդաղել պետք չէ: Ես շատ էի ուզում այլ թիմ տեղափոխվել և «Կրասնոդարի» նախագահի հետ զրույցից հետո, զգացի, որ իրոք հետաքրքրված եմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալու հեռանկարով:
– Իսկ ինչու էր քո տեղափոխության վերաբերյալ տեղեկատվությունն այդքան գաղտնի: Սկզբում նախատեսվում էր, որ որոշակի տեղեկատվություն այնուամենայնիվ կհրապարակվի: Հետո դու գործակալիդ հետ դիմեցիր որոշ մարդկանց, որ Հայաստանում մինչև հունվարի 25-ը ոչինչ չհրապարակվի: Ռուսները այդպիսի տեղեկատվություն տրամադրում են նույնիսկ առաջին դիվիզիոնի ակումբի ֆուտբոլիստների պարագայում:
– Այդ պահին դեռ պայմանագիրը ստորագրված չէր…
– Այսինքն, տեղեկատվական արտահոսքը կարող էր խոչընդոտե՞լ քո տեղափոխությանը:
– Ամեն ինչ հնարավոր էր: Չէի կարող ենթադրել, թե դա ինչպես կանդրադառնա «Ռանդերսի» ու «Կրասնոդարի» միջև ընթացող բանակցությունների վրա: Այդ իսկ պատճառով ռուսական թիմի կողմից պայման էր դրվել, որ մինչև պայմանագրի վերջնական կնքումը ոչ մի տեղեկատվական արտահոսք տեղի չունենա:
– Դու ծանոթ ես «Կրասնոդարի» նախագահ Գալիցկիի և թիմի գլխավոր մարզիչ Մուսլինի հետ: Ինչպիսի՞ տպավորություն են նրանք քո վրա թողել:
– Շատ լավ: Նրանք ինձ շատ ջերմ ընդունեցին: Ֆուտբոլիստի համար շատ կարևոր է, որ նրան հավատան ու վստահեն: Ընդհանուր առմամբ, ես զգացի ու թիմը լուրջ է տրամադրված, քանի որ ինձ համար քիչ գումար չեն վճարել:
– Իսկ դու տեղյա՞կ ես, որ թիմի նախագահը ազգությամբ հայ է: Մայրենի լեզվով խոսե՞լ եք իրար հետ:
– Իհարկե գիտեմ, որ նա հայ է: Բայց Գալիցկին լավ չի տիրապետում հայերենին, չի կարողանում խոսել:
– Իսկ գլխավոր մարզչի հետ երևի անգլերենով ես շփվել…
– Այո: Նա հիանալի խոսում է անգլերեն, որը զգալիորեն կհեշտացնի թիմին մերվելու իմ խնդիրը:
– Ռուսաստանում, ի տարբերություն Դանիայի, ստիպված կլինես ինքնաթիռով մեկնել խաղերի, իսկ «Ռանդերսի» կազմում դու հանդիպումների էիր մեկնում ավտոբուսով: Չե՞ս վախենում հոգնեցուցիչ թռիչքներից:
– Ես ամերիկյան փորձ ունեմ: Ասենք, ինքնաթիռով Լոս Անջելեսից Նյու Յորք խաղի մեկնելիս մեզնից 6 ժամ էր պահանջվում: Այնպես որ խնդիրներ չեն լինի:
– Դու երևի արդեն եղել ես Կրասնոդարի հանրահայտ մարզաբազայում: Կարո՞ղ ես համեմատել մեր Ավանի ակադեմիայի հետ:
– Ես դրանցից որևէ մեկին առավելություն չէի տա: Երկուսն էլ շատ բարձրակարգ մարզաբազաներ են: Կարող է մեկում մի բան կա, որ մյուսում դա բացակայում է, բայց երկու բազաներում էլ անհրաժեշտ ամեն ինչ կա:
– Դու 3 տարով պայմանագիր ես կնքել ռուսական թիմի հետ: Այդ պայմանագրում այնպիսի կետ կա՞, որ ասենք համապատասխան առաջարկի դեպքում դու կարող ես այլ թիմ տեղափոխվել:
– Իհարկե, եթե որևէ մեկ այլ ակումբ ինձնով հետաքրքրվի մինչև պայմանագրիս ժամկետի ավարտը, ապա նա ներկայիս ակումբին պետք է կլորիկ գումար վճարի: Բնականաբար ես այդ թվերը չեմ կարող հրապարակել: Եթե ռուսական ակումբը անհրաժեշտ համարի, ինքն էլ այդ ամենը հետագայում կարող է հրապարակել:
– Այսինքն «Կրասնոդարը» չի՞ խոչընդոտի, որ դու մեկ այլ թիմ տեղափոխվես:
– Թե’ ակումբի նախագահը, թե’ գլխավոր մարզիչը շատ լավ են ֆուտբոլից հասկանում: Նրանք ըմբռնումով են մոտենում ֆուտբոլային կարիերայի վերաբերյալ իմ ամբիցիաներին և խոստացել են այդպիսի առաջարկի դեպքում այդ հարցին դրականորեն լուծում տալ:
– Բայց ամեն դեպքում, քեզ վերցրել են, որ դու Պրեմիեր լիգայում գոլեր խփես և թիմին օգտակար լինես:
– Այո, ես գիտակցում եմ, որ թիմն ինձ հավատում է, ու ես իմ գոլերով կնպաստեմ ակումբի առաջընթացին:
– Իսկ քեզ չի՞ անհանգստացնում այն հանգամանքը, որ թիմը փաստացի նոր է ձևավորվում, խաղային օղակների միջև խաղակցվածություն չկա:
– Իհարկե բարդ կլինի: Ֆուտբոլն այնպիսի խաղ է, որ այդ ամենը շտկելու համար երբեմն շատ քիչ ժամանակ է հարկավոր, երբեմն դա կարող երկար տևել: Ամեն ինչ մարզչից է կախված, թե նա ինչպես կկազմակերպի մարզումային պրոցեսը, ինչպես պետք է ֆուտբոլիստներին մատուցի իր հիմնական պահանջները: Այժմ այդ առումով դժվարանում եմ կոնկրետ բան ասել:
– Հաջորդ հարցը ընդհանրապես կապված չէ «Կրասնոդարի» հետ: Մենք բոլորս կարդացել ենք, որ քո լավ ընկեր Ալեկո Էսկանդարյանը FaceBook սոցիալական կայքի իր էջում գրել էր, որ շատ է ուզում քեզ հետ միասին խաղալ Հայաստանի հավաքականի կազմում: Դա կատա՞կ էր: Քանի որ, բոլորն էլ գիտեն, որ վնասվածքի պատճառով Ալեկոն թողել է ֆուտբոլը, բացի այդ էլ արդեն հանդես է եկել ԱՄՆ հավաքականի կազմում և ՖԻՖԱ-ի օրենքների համաձայն այլևս չի կարող մեզ օգտակար լինել:
– Ցավոք, նա այժմ էլ լուրջ խնդիրներ ունի: Առաջինը, թե ինչպես վերականգնվել ծանր վնասվածքից հետո: Եթե նա կարողանա հաղթահարել այդ դժվարությունները, կարծում եմ, որ ԱՄՆ-ի հավաքականի կազմում անցկացրած մեկ հանդիպումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ, և իրենով արդեն կզբաղվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
– Դու նշել էիր, որ Հայաստանի հավաքականի տղաներին Ալեկոյի վերաբերյալ շատ բան ես պատմել , հետաքրքիր է կոնկրետ ի՞նչ…
– Այո, մինչ այդ վնասվածքը Էսկանդարյանը բավականին լավ էր հանդես գալիս ԱՄՆ-ում և MLS-ի առաջնության լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր: Իսկ տղաներին ասել եմ, որ իմ կարծիքով Ալեկոն շատ լավ ֆուտբոլիստ է և կարող է ուժեղացնել Հայաստանի հավաքականը:
– Իսկ ե՞րբ կմիանաս Հայաստանի հավաքականին:
– Երևի փետրվարի 5-ին կամ 6-ին: