Փետրվարի 15-ից մարտի 10-ը Ազատության հրապարակում սպորտային միջոցառումներ կանցկացվեն, հայտնում է Քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետի իրազեկումը` տվյալ ժամանակահատվածում Ազատության հրապարակում սպորտային միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ:
Մեկ այլ որոշմամբ` ընդունվել է ի գիտություն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի իրազեկումը` 2011 թվականի փետրվարի 15-ից մարտի 15-ը Ազատության հրապարակում մշակութային միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ:
Ավելի վաղ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարել է փետրվարի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մտադրության մասին: Համապատասխան հայտ այսօր առավոտյան ներկայացվել է քաղաքապետարան:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանի կողմից հերթական մերժումը ստանալու հավանականության մասին հարցին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսին հայտարարել էր. «Թող մերժեն, էդ ժամանակ մենք մեր քայլերը կմտածենք»: