26 հայաստանյան և 5 վրաստանյան հասարակական կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել, որում կոչ են արել Հայաստանի իշխանություններին կասեցնեն Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը` մինչև շրջակա միջավայրին հասցվող վնասների վերագնահատումը:
Հունվարի 25-ին ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել մի քանի հարյուր հեկտար լեռնային անտառների կորստի, ջրային ռեսուրսների չորացման, հողերի էրոզիայի և ամբողջական էկոհամակարգերի, այդ թվում` անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների ոչնչացման: Նշվում է նաև, որ բնական աղետների կամ արդյունաբերական վթարների դեպքում արծաթ, ռենիում, կապար, մկնդեղ, պղինձ, մոլիբդեն, ցինկ, ծծմբային միացություններ և այլ քիմիական նյութեր պարունակող պոչանքները կթունավորեն Շնող գետի և դրա վտակների կողմից ոռոգվող դաշտերը` սպառնալով սննդի անվտանգությանը և մարդկանց առողջությանը:
«Հանքարդյունահանող ընկերության կողմից կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը մշակվել է միայն նախագծի առաջին 8 տարիների համար` առանց հաշվի առնելու նախագծի 50 տարվա ժամանակահատվածի հետևանքները և, ինչպես նաև արտակարգ իրավիճակները և ռիսկերը` անդրսահմանային համատեքստում: Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրամադրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը նկատի չի առել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության սխալ հաշվարկները և էկոհամակարգերին հասցվող վնասների թերագնահատումը: Թեղուտի հանքավայրի շահագործմանն առնչվող որոշումների ընդունման գործընթացները թերացել են հասարակայնության արդյունավետ և ժամանակին ծանուցում և մասնակցություն ապահովելու գործում` ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի հարցերին առնչվող տեղեկության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների համաձայն: Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի ձեռնարկել ոչ մի քայլ` բացահայտելու անդրսահմանային ռիսկերը և խորհրդակցություն սկսելու Վրաստանի իշխանությունների ու հասարակայնության հետ` իրականացնելու ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին» Էսպուի կոնվենցիայի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները: Վրաստանի կառավարությունը չի ճանաչել անդրսահմանային ռիսկերի հնարավորությունը և ձախողել է ոչ միայն վավերացնել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Էսպուի կոնվենցիան, այլև դրսևորել է անպատասխանատու վարքագիծ և չի կատարել համապատասխան հարցումներ` ընթացք տալու մտահոգ հասարակայնության կողմից հնչեցված ահազանգերին», – հայտարարության մեջ թվարկվում են այն կետերը, որոնք անտեսվել են հանքավայրի շահագործման ժամանակ:
Հաշվի առնելով վերոնշյալ Հայաստանի և Վրաստանի հասարակական կազմակերպությունները կոչով են դիմել երկու երկրների իշխանություններին.
«Անհրաժեշտ ենք գտնում, որպեսզի Հայաստանի Հանրապետության իշխանությունները կասեցնեն Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը` մինչև շրջակա միջավայրին հասցվող վնասների վերագնահատումը, կազմակերպեն շրջակա միջավայրի վրա ազդեցության անկողմնակալ և համապարփակ գնահատում` միջազգային լավագույն փորձին համապատասխան, սկսեն խորհրդակցություններ Վրաստանի իշխանությունների և հասարակայնության հետ Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում հնարավոր անդրսահմանային ազդեցության վերաբերյալ: Վրաստանի իշխանությունները վավերացնեն Էսպուի կոնվենցիան, մասնակցեն Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկվող խորհրդակցություններին` բացահայտելու շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը անդրսահմանային համատեքստում»: