Անցած ուրբաթ հայ իրավապահներին հաջողվել էր առգրավել աննախադեպ ծավալի թմրանյութ: Դեպքի հետ կապված մանրամասներ է հաղորդում «Ժամանակ» օրաթերթը:
Մասնավորապես, առգրավվել էր էքստազիի 42,000 հաբ և մոտ կես կիլոգրամ մաքուր հերոին: Մեր աղբյուրներով, շաբաթ օրը ոստիկանները նախ ձերբակալել էին մի ամերիկահայի` Զոհրաբ անունով, ում միջոցով պարզվել էր, որ ներկրված աննախադեպ չափի թմրանյութի հետևում կանգնած են բարձրաստիճան հայ պաշտոնյաներ: Մեզ հայտնի է դարձել, որ Զոհրաբի անմիջական հովանավորը «Տաշկենտսկի Սաշա» մականունով քրեական հեղինակությունն է: Կիրակի օրը, իրավապահ մարմինները ստորագրությամբ բաց էին թողել Զոհրաբին: Սակայն երեկ ոստիկանության լրատվականը մեզ հետ զրույցում պնդեց, որ Զոհրաբին ազատության մեջ թողնելու որոշումը փոխվել է, և նա կրկին կալանքի տակ է: Երեկ, ուշ երեկոյան մեր աղբյուրները հայտնեցին, որ Զոհրաբը շարունակում է մնալ ազատության մեջ: