Home / Հայաստան / Նիկոլ Փաշինյանը գրել է «Նամակ սերժանտական նախարարին»

Նիկոլ Փաշինյանը գրել է «Նամակ սերժանտական նախարարին»

Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նամակները հասել իր թերթի խմբագրություն: Այդ նամակները նա ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի ներկայությամբ հանձնել էր ՔԿՀ վարչակազմին:

Ինչպես տեղեկացնում է «ՀԺ»-ն, բոլոր ծրարները ուղարկվել են Արդարադատության նախարաության կողմից, փոստով` մեկ փաթեթի մեջ, իսկ ծրարները, որոնց սոսնձի հատվածում Նիկոլ Փաշինյանն իր ստորագրություններն էր դրել, բացված և կրկնակի սոսնձված էին:

Ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի «Նամակ սերժանտական նախարարին» հոդվածը, որն այսօր տպագրել է օրաթերթը.

«Իսկապես, դժվար էր պատկերացնել, որ Արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանն այդքան արագ կբացահայտի սերժանտական չինովնիկի իր դեմքը: Բայց նա դա արեց` նախարարի պաշտոնում իր առաջին ասուլիսում, որ հրավիրել էր` նույնիսկ չսպասելով նշանակման հարյուր օրվա լրանալուն: Ինքն իրեն խելոք է համարում, իմաստուն. դեմքին նայեք` միանգամից կհասկանաք: Եվ ուրեմն` փաթթած ունի հարյուր օրը և ցանկացած պահի պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի:

Այսպես, ահա, իմ շուրջ ստեղծված վիճակի կապակցությամբ այնպիսի հայտարարություններ արեց, որ նույնիսկ եփած հավը, որ ստացել էի վերջին հանձնուքով, սկսեց քահ-քահ ծիծաղել:

Թովմասյանը նախ ասաց, որ իմ նամակագրության խոչընդոտների առնչությամբ ծառայողական քննություն էր անցկացրել, որի արդյունքում պարզել է, որ իրականում ես ոչ մի նամակ էլ չեմ հանձնել «Արթիկ» ՔԿՀ վարչակազմին: Լավ քննություն է անցկացրել ինքն իրեն սահմանադրագետ հորջորջող սույն պերսոնը: Պատկերացնում ե՞ք` քննություն են անցկացրել իմ նամակների մասին, բայց նամակների պոտենցիալ հեղինակին ոչինչ չեն հարցրել: Այսինքն` ինձ չեն հարցրել` ես նամակ գրե՞լ եմ, թե ոչ, բայց եզրակացրել են, որ ոչ մի նամակ էլ չեմ հանձնել: Իսկ կարող ա՞, պարոն նախարար, չիշիկ ունեմ, թե՞ քունս տանում է:

Մտքի տիտան Թովմասյանը չի հասկանում նաև, թե ինչու ս/թ հունվարի 9-ին, իրավապաշտպան Արթուր Սաքունցի ներկայությամբ ես «Արթիկ» ՔԿՀ ներկայացուցիչներին ընդամենը 1 ծրար եմ հանձնել, և ոչ թե 15: Հայտնի ֆիլմի հերոսը կասեր. «Կակ գավարիտ նաշ դառագոյ շեֆ, եսլի չելավեկ իդիոտ, էտը նադոլգը»: Թովմասյանի տրամաբանությամբ ստացվում է, որ դեկտեմբերի 1-ից նամակներ գրելով, ես դրանք պետք է ոչ թե սահմանված կարգով ուղարկելու միջոցներ ձեռնարկեի (բանտում գտնվող մարդը, ի դեպ, չի կարող անձամբ փոստ այցելել, ոչ էլ փոստատարը կարող է իրեն այցելել. սրա համար ՀՀ օրենսդրությունը նախատեսում է, որ բանտում գտնվող անձն իր նամակները հանձնի ՔԿՀ ներկայացուցչին, որն էլ պարտավոր է այդ նամակները հասցնել փոստին), այլ հավաքեի դոշակիս տակ, որ երբևէ Արթուր Սաքունցն ինձ այցելեր, ու ես տասնյակ նամակները նրա ներկայությամբ հանձնեի: Այդ ժամանակ էլ պիտի ասեիք, որ գրել է, բայց հատուկ չի հանձնել նամակները , որ աղմուկ-աղաղակ բարձրացնի: Իսկ Սաքունցի այցի պահին իմ ձեռքի տակ այդ մի հատիկ նամակը կար այն բանի շնորհիվ, որ դեկտեմբերի 23-ից ինձ մոտից արդեն ծրարներ չէին վերցնում: Դեկտեմբերի 23-ից հետո մինչև հունվարի 10-ն էլ հոդվածներ չեմ գրել, որովհետև դեկտեմբերի 23-ի դրությամբ արդեն «Արթիկ» ՔԿՀ ներկայացուցիչները հրաժարվում էին դրանք վերցնել: Նախկինում վերցրածներն էլ չգիտեմ ինչ են արել: Թովմասյանի ասուլիսի ամենահանճարեղ հատվածը, սակայն, այն էր, որ նա ինձ առաջարկեց ծրարներս իրեն ուղարկել, և ինքը դրանք անձամբ կհասցնի «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն: Ահա, երբ ստացա հունվարի 18-ի թերթերը և ռադիոյով լսածս մի հատ էլ սեփական աչքերով կարդացի, բռնեցի ու գրեցի հետևյալ դիմումը, որ մեջբերում եմ բնօրինակի ճշգրիտ նմանությամբ.

«ՀՀ արդարադատության նախարար

Հ. Թովմասյանին, «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող

քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանից

Դիմում

Պարոն Թովմասյան.

Անսալով ձեր խորհրդին, որով դուք հանդես եք եկել ս/թ հունվարի 17-ին ունեցած ասուլիսում, սույն դիմումին կից ձեզ եմ ներկայացնում թվով վեց` փակ, նամականիշով ծրարներ, որոնցում հունվարի 10-ից 17-ը իմ գրած հոդվածներն են: Այդ ծրարները ես չեմ կարողացել սահմանված կարգով հանձնել «Արթիկ» ՔԿՀ վարչակազմին` ի կատարումն ՀՀ օրենսդրությամբ երաշխավորված իմ նամակագրության իրավունքի:

Պարոն Թովմասյան.

Հույս ունեմ` դուք, ձեր խոստման համաձայն, այս ծրարները անձամբ կհասցնեք «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն: Կամ էլ` կհանձնարարեք ձեր տեղակալներից որևէ մեկին: Ծայրահեղ դեպքում ՔԿ վարչության պետին` հաշվի առնելով խնդրի բացառիկ կարևորությունը:

Կանխավ շնորհակալություն

Ն.Փաշինյան, քաղբանտարկյալ

18.01.2011թ. ժամը` 16.50

Հ.Գ. Տեղյակ եմ պահում ձեզ, որ իմ ևս 10 նամակներ գտնվում են «Արթիկ» ՔԿՀ վարչակազմի ներկայացուցիչների մոտ: Այդ ծրարները նրանք վերցրել են սկսած 2010թ. դեկտեմբերի 2-ից , բայց սահմանված կարգով չեն ուղարկել ըստ հասցեի»:

Ահա այդպիսի դիմում գրեցի և համապատասխան անձանց տեղյակ պահեցի, որ ՀՀ արդարադատության նախարարին ուղղված դիմում ունեմ, թող գան ընդունեն: Հիմա արդեն հունվարի 19-ի ժամը 20.57 է, բայց ոչ ոք չի եկել ընդունելու, չնայած մի քանի անգամ ապսպրել եմ ՔԿՀ ղեկավարությանը: Բա` Հրայր Թովմասյան: Առաջ նամակներս չէին ուղարկվում, հիմա էլ` տեսնում եք, թե ինչը չեն ուղարկում: Չնայած ես գիտեմ, որ դուք գիտեք, որ դուք և ձեր վերադասն եք ՔԿՀ-ին հրահագնել` չվերցնել կամ չուղարկել իմ նամակները: Բայց ես շարունակում եմ գրել: Հնարավոր է` Թոմաս Համմարբերգը այցելի ինձ, և ես մտադիր եմ այս դիմում նամակները նրա օգնությամբ տեղ հասցնել: Եթե ընթերցողը թերթում կարդում է այս հոդվածը, ուրեմն պլանս գործել է»: