Home / Հայաստան / «Մենք Հայաստանում էինք մեկ միլիոն հավաքում». թուրքագետը Եգիպտոսի մասին

«Մենք Հայաստանում էինք մեկ միլիոն հավաքում». թուրքագետը Եգիպտոսի մասին

Թուրքիայի դերը չի կարող մեծ լինել Եգիպտոսի իրադարձություններում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Նա նշել է, որ վերջին օրերին Թուրքիան փորձել է միջնորդի առաքելությամբ հանդես գալ Եգիպտոսում, սակայն դա չի հաջողվել:

Չաքրյանը Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը համարում է ԱՄՆ-ի նախագահ Օբամայի  խոսքերի կրկնությունը:

«Թուրքիան պարզապես փորձ էր կատարում  ապացուցել, որ իրավունք ունի այդպիսի հավակնություններով հանդես գալ»,- ասել է Հակոբ Չաքրյանը:

Թուրքագետի խոսքով` Եգիպտոսում ընթացող ցույցերի կարգի իրադարձությունները միշտ չէ, որ աջակցում են երկրում կայունություն ստեղծելուն:

«Այդ երկրները դեմոկրատիայի ավանդույթ չունեն, հասարակության մակարդակն էլ ցածր է, և հասարակությունը չի կարող միանգամից օգտվել դեմոկրատիայի իրավուքններից, դրա համար երկար ժամանակ կտևի»,- ասել է Չաքրյանը:

Բանախոսի կարծիքով` Եգիպտոսի շարժումը համաժողովրդական չէ, դրանք հակակառավարական ցույցեր են, քանի որ, եթե դրանք լինեին համաժողովրդական, կողոպուտ և այլ անկարգություններ չէր լինի, շարժումը կունենար ղեկավարման կենտրոն և իր առաջնորդին:

Չաքրյանը հնարավոր համարում է, որ մեկ միլիոն մարդ Եգիպտոսում հավաքվի, սակայն , նրա համոզմամբ, 80 միլիոնանոց Եգիպտոսում մեկ միլիոնը մեծ բան չի:

«Մենք Հայաստանում էինք մեկ միլիոն հավաքում»,- ասել է թուրքագետը: Վերջինս նաև նշել է, որ Եգիպտոսում բանակը այս իրադարձություններում չեզոք դիրք է  գրավում, քանի որ անհանգստանում է, որ ԱՄՆ-ից բանակին տրվող գումարները կսառեցվեն: