Առնվազն 4 մարդ է զոհվել և մոտ 1500 մարդ վիրավորվել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում երեկ երեկոյան և այսօր գիշերը ծավալված իրադարձությունների հետևանքով, հաղորդում է «Ալ Արաբիա»-ն: Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցները ուղտերով և ձիերով ներխուժել են Թահրիր հրապարակ և հարձակվել ցուցարարների վրա: Հարձակման ընթացքում նրանց Մոլոտովի կոկտեյլներ են օգտագործել, ինչպես նաև քարեր և բեկորներ են նետել ցուցարարների վրա: Առաջին ժամերի ընթացքում Եգիպտոսի բանակը չէր միջամտում իրադարձություններին, ապա բարձրախոսներով կոչ էր անում հակակառավարական ցույցի մասնակիցներին լքել հրապարակը:
Սակայն ցուցարարները չէին հեռանում՝ նշելով, որ պատրաստ են կանգնել մինչև վերջ:
Ինչպես «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը պատմել է դեպքերի ականատեսներից մեկը, մուբարաքամետ ուժերի ներկայացուցիչներին 17 դոլար էին բաժանում հարձակմանը մասնակցելու համար: Նրանք գոռում էին՝ «կայունության 30 տարի, անարխիայի 9 օր»՝ մեղադրելով հակակառավարական ցույցի ներկայացուցիչներին, որ երկիրը քաոսային վիճակում է գտնվում: Ընդդիմության ներկայացուցիչները, իրենց հերթին, շարունակում են պահանջել Հոսնի Մուբարաքի հրաժարականը՝ նշելով, որ արյունալի իրադարձությունների միակ մեղավորը Եգիպտոսի նախագահն է:
Երեկ Թահրիր հրապարակում խոսել է ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Մոհամեդ Էլ Բարադեյը, ով կոչ է արել բանակին միջամտել և պաշտպանել անզեն ցուցարարներին: Դա տեի չի ունեցել. բանակը միայն փորձել է տանկերով պատնեշ ստեղծել երկու կողմերի միջև, սակայն Մուբարաքի կողմնակիցները շարունակել են քարեր նետել և անգամ կրակել ցուցարարների վրա:
Ընդդիմադիր ուժերից մեկի՝ «Մահմեդականների եղբայրություն» կուսկացության ներկայացուցիչ Մոհամեդ էլ-Բելգատին ասել է «Ալ Ջազիրային», որ Մուբարաքի աջակիցների հարձակումը խաղաղ ցույցերը քաոսի վերածեց:
«Առավոտվանից այդ վճարովի մարդասպանները ցույցեր էին կազմակերպում ի պաշտպանություն Մուբարաքի, իսկ հետո հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա: Մուբարաքն առաջարկում է մարդկանց ընտրել իր և քաոսի միջև», – նշել է էլ-Բելգատին:
Չնայած արյունոտ իրադարձություններին, ցուցարարները չեն պատրաստվում նահանջել. նրանք մտադիր են շարունակել իրենց բողոքի ակցիաները մինչև Մուբարաքի հրաժարականը: