Հայ առաքելական եկեղեցին այսօր ամբողջությամբ պատկանում է ՆՍՕՏՏ Գարեգին Բ կաթողիկոսին և նրա եղբորը Մոսկվայի թեմի առաջնորդ տեր Եզրասին: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է միջազգային «Մանկավարժ» հիմնադրամի տնօրեն, Հայ առաքելական եկեղեցու նախկին սպասավոր տեր Սահակը:
«Իրենք ինչ ուզում են, անում են, ոչ ոք չի կարող ձայն հանել: Բարձրաստիճան հոգևորականության ցանկն ամբողջությամբ փոխված է, նրանք լուրջ եկեղեցականներից ձերբազատվում են: Այսօր արքեպիսկոպոս ես դու, քահանա, դպիր, միևնույն է` դպիրի կարգավիճակում ես: Երկու հոգին ամբողջությամբ եկեղեցին կառավարում են, եկեղեցում գործում են քրեական օրենքները, ոչ մի բանով եկեղեցին չի տարբերվում այդ աշխարհից», – ասել է տեր Սահակը:
Նա նշել է, որ եկեղեցին իր առաքելությամբ զբաղվելու փոխարեն զբաղված է բիզնեսով, փողերի լվացմամբ և չարչիությամբ: «Էջմիածնում բարձրաստիճան հոգևորականներ կան, որ երթուղային տաքսիներ են դրել գծի մեջ, աշխատեցնում են: Անուններ չեմ ասում, նրանք լավ կհասկանան` ում մասին է խոսքը: Այս է եկեղեցին», – նշել է տեր Սահակը:
Նա նաև խոսել է մարտի 1-ի և քաղբանտարկյալների մասին: Ըստ նրա, եկեղեցիներում վախենում են խոսել այդ թեմաներով, միակ բացառությունը Կաթողիկե եկեղեցին էր, որ պատարագ մատուցեց 10 զոհերի համար: Բայց, ըստ տեր Սահակի ճշտած տեղեկությունների, դրա համար նշված եկեղեցին խնդիր է ունեցել Էջմիածնի հետ:
«Ի սկզբանե որոշված էր, որ պատարագը պետք է անի այդ եկեղեցու քահանան` տեր Ավետիս Դանիելյանը և պետք է նշի մարտի 1-ի 10 զոհերի անունները: Բայց նրան չթողեցին: Էջմիածնից այլ քահանա ուղարկեցին, որը 10 անուններից բացի, այլ անուններ էլ կարդաց, որպեսզի միայն մարտի 1-ի զոհերի անունները չնշվեն», – ասել է տեր Սահակը: Նա հայտարարել է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը պարտավոր է հանդես գալ քաղբանտարկյալներին ազատ արձակելու միջնորդությամբ: