Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում այսօր ողջ օրվա ընթացքում բախումներ են գրանցվել հակակառավարական ուժերի և Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին սատարող խմբերի միջև: Ընդհարումների հետևանքով կրկին վիրավորներ կան:
Նշենք, որ այսօր ցուցարարներին հաջողվել է դուրս մղել մուբարաքամետ ուժերին քաղաքի կենտրոնական հատվածից և Թահրիր հրապարակից: Որոշ դեպքերում ցուցարարներին օգնել են զինվորականները:
Այն ականտեսների հաղորդմամբ, ովքեր կարողանում են հաղորդագրություններ տարածել Twitter միկրոբլոգերի կայքի միջոցով, Կահիրեի կենտրոնում «միջնադարյան ոճի» բախումներ են: Մարդիկ օգտագործում են յուրաքանչյուր իր հակառակորդի վրա նետելու համար, նրանք հաճախ ձեռնամարտի են բռնվում: Ընդդիմության ներկայացուցիչները, հավատարիմ իրենց խոստմանը, չեն լքում փողոցները՝ հետզետե պարտության մատնելով Մուբարաքի կողմնակիցներին, կամ, ինչպես նրանց հաճախ ասում են, վարձկաններին:
Եգիպտոսում այսօր մի քանի հարձակում է եղել լրագրողների վրա, որոնց աշխատանքին փորձել են խոչընդոտել: Ալ Ջազիրա հեռուստաընկերության երեք լրագրողներ ձերբակալվել են ոստիկանության կողմից:
Նշենք, որ օրվա ընթացքում ելույթով է հանդես եկել երկրի փոխնախագահ Օմար Սուլեյմանը, ով դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ ընդդիմադիր ուժերը, մասնավորապես, «Մահմեդականների եղբայրություն» կուսկացությունը չի ցանկանում կառավարության հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել:
Սուլեյմանը նաև նշել է, որ «Մուբարաքը մեր հայրն է», և նրանք, ովքեր պահանջում են, որպեսզի Մուբարաքը հեռանա, Եգիպտոսի մշակույթի մաս չեն կազմում:
Իսկ ահա ցուցարարները շարունակում են հաստատուն մնալ իրենց պահանջների հարցում. նրանք ցանկանում են միմիայն Հոսնի Մուբարաքի հրաժարականը տեսնել: Հիշեցնենք, որ վաղը Եգիպտոսի ընդդիմությունը հայտարարել է որպես «Հեռացման օր». տասնյակ հազարավոր ցուցարարներ պատրաստվում են շարժվել դեպի նախագահական նստավայր և այնտեղ պահանջել Մուբարաքի անհապաղ հրաժարականը: