Մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանի ահաբեկչությունը բացահայտված է, հայտարարել է ՌԴ վաչապետ Վլադիմիր Պուտինը: «Հետաքննություն է անցկացվում, մարդիկ աշխատում են, և աշխատում են բավական արդյունավետ»,- չորեքշաբթի լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է վարչապետը:
Այն հարցին, թե արդյոք ահաբակչության վերաբերյալ ինչ-որ հստակ հետքեր կան, թե ոչ` վարչապետը պատասխանել է. «Ոչ թե հետքեր կան, այլ կարելի է ասել, որ գործը գրեթե բացահայտված է»:
Պուտինը նշել է, որ Դոմոդեդովոյի ահաբեչությունը առանձնանում է «անիմաստ դաժանությամբ»: «Նրանք շատ հաճախ չգիտեն էլ, թե իրականում ինչ են ուզում: Չեն կարողանում հստակ ձևակերպել իրենց պահանջները: Դա պարզապես զազրելի ահաբեկչություն է բոլորի ու ամեն ինչի դեմ` պետության, գործող իշխանությունների, երկրի»:
Հիշեցնենք, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում հունվարի 24-ին ուժեղ պայթյուն գրանցվեց: Նախնական տվյալների համաձայն, պայթուցիկը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: Արդյունքում 36 մարդ զոհվել է, 100-ից ավելին` վիրավորվել:
ՌԴ Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, ներկայումս հիվանդանոցներում են գտնվում պայթյունի արդյունքում տուժած 114 մարդ: Ի սկզբանե հոսպիտալացվել էր 132 մարդ: