Տոնավաճառների աշխատողներին, ովքեր կես ամիս բողոքի ակցիաներ էին անցկացնում այլ երկրներից բերված ապրանքի մաքսազերծման գնի չափի ավելացման դեմ, վաղը հրավիրել են Ազգային Ժողով: Այս մասին Epress.am-ի հեզ զրույցում ասել է առևտրականներից Գևորգ Սարոյանը:
Հիշեցնենք, որ նախկինում մաքսազերծման գինը կազմում էր 4 դոլար, հետագայում այն դարձրել են 8 դոլար:
«Մի շաբաթով ուզեցին բերաններս փակեն, 8 դոլարից իջացրեցին 6 դոլար, բայց մեզ արդեն ասել են, որ մյուս շաբաթ ապրանք բերելու համար էլի 8 դոլար պիտի վճարենք», – ասել է Սարոյանը:
Սարոյանի խոսքով` գալիք շաբաթ իրենք կրկին փաստի առաջ են կանգնելու, քանի որ բեռնափոխադրող ընկերությունները տեղեկացրել են, որ այլ երկրներից ապրանք ներկրող առևտրականները պետք է կրկին 8 դոլար վճարել:
«Մեզ վաղը կանչել են Ազգային Ժողով. պատգամավորներ Անահիտ Բախշյանն ու Վիկտոր Դալլաքյանն ասել են, որ վաղվա ԱԺ նիստին մեր հարցն է բարձրացվելու, հիմա տեսենք` ինչ կլինի»,- վրդովված ասել է մեր զրուցակիցը:
Նա նշել է, որ պետական մարմիններն իրենց ասել են, որ այդ հարցը պետականորեն չի կարգավորվում, քանի որ գները սահմանում են մասնավոր կազմակերպությունները:
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, առևտրականները` Թուրքիայից, Սիրիայից և այլ երկրներից, ապրանք տեղափոխելու և մաքսազերծելու համար դիմում են բեռնափոխադրող ընկերություններին, այդ թվում` «Կովկաս տուր», «Նարինե», «Դեյվիդ տուր» «Կառլեն» տուր» և այլն, որոնք էլ, փաստորեն, բարձրացրել են մաքսազերծման գումարի չափը: