Այսօր` փետրվարի 4-ին, ամբողջ աշխարհում նշվում է քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: Այս օրը հաստատվել է քաղցկեղի դեմ պայքարի Միջազգային Միության կողմից 2005 թվականին` հանրության ուշադրությունն այս համամարդկային խնդրի վրա սևեռելու համար, ինչպես նաև ևս մեկ անգամ հիշեցնելու` որքան վտանգավոր և տարածված են քաղցկեղի դեպքերը:
Ամեն տարի այս օրը նշանավորվում է որոշակի թեմատիկ ուղղվածությամբ: 2011 թվականի թեման է «Ուսուցանել երեխաներին և դեռահասներին` ինչպես խուսափել արևից եկող ուլտրամանուշակագաույն ճառագայթումից»:
2009 և 2010 թվականների թեմաներն են եղել «Գիտելիքներ ստանալ քաղցկեղ առաջացնող վարակների դեմ իրականացվող պատվաստանյութերի մասին» և «Խրախուսել առողջ կենսակերպ, որը պայմանավորված է ճիշտ սննդակարգով և ֆիզիկական ակտիվությամբ»:
Քաղցկեղն ամբողջ աշխարհում համարվում է մահվան պատճառ հանդիսացող առաջատար հիվանդությունը: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` անհրաժեշտ միջամտությունների բացակայության դեպքում 2005-2015 թվականների ընթացքում քաղցկեղից մահանալու է 84 մլն մարդ: