Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեյում ընդդիմադիրներն արդեն սկսել են հավաքվել վճռական ցույցի համար, որը նրանք անվանել են «Հեռանալու օր»` նկատի ունենալով նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը: Այս մասին հաղորդում է Ալ Ջազիրա հեռուստաընկերությունը:
Սադրանքները կանխելու նպատակով Թահրիր հրապարակում հավաքված ցուցարարները ստուգում են ցույցին մասնակցել ցանկացողների փաստաթղթերը: Ընդդիմադիրներն այս քայլը բացատրում են ոստիկանության աշխատակիցների և հատուկ ծառայությունների մուտքը հրապարակ կասեցնելու նպատակով:
Միևնույն ժամանակ, վերջին օրերի ընթացքում Եգիպտոսում հաճախակիացել են լրագրողների առևանգման և նրանց վրա հարձակման դեպքերը: Փետրվարի 4-ին հայտնի է դարձել «Միջազգային համաներում» կազմակերպության իրավապաշտպաններ Ահմեդ Սեյֆ էլ-Իսլամի և Ալի Հալեդի, ինչպես նաև Human Rights Watch կազմակերպության անդամների ձերբակալման մասին:
Վերջին տվյալների համաձայն` իրավապաշտպանները ձերբակալվել են գրասենյակում: Նշենք, որ վերջիններիս անվտանգությունն ապահովում էին ռազմական ոստիկանության աշխատակիցները: Ձերբակալվածների գտնվելու վայրի մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում: